Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում ևս կսահմանափակվի: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունից:
«Հուլիսի 3-ը առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։
Պլաստիկ թափոնը, լինի գետում, օվկիանոսում, թե ցամաքում՝ դարերով կարող է պահպանվել և եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա 2050թ․ օվկիանոսներն կարող են պարունակել ավելի շատ պլաստիկ, քան ձուկ։ Այն նույն հատկանիշները, որոնց շնորհիվ պլաստիկն ունի մեծ կիրառություն, այն է՝ երկարակեցությունը և քայքայման նկատմամբ կայունությունը, պատճառ են հանդիսանում բնության մեջ վերջիններիս ամբողջական քայքայման անհնարինությանը։ Պլաստիկ առարկաներից շատերը ամբողջությամբ չքայքայվելու արդյունքում գնալով փոքրանում են և հաճախ սննդի հետ յուրացվում գյուղատնտեսական կենդանիների և ձկների կողմից։ Ներթափանցելով ջրատար համակարգ՝ պլաստիկ թափոնները և հատկապես պլաստիկ տոպրակները բարձրացնում են վարակիչ հիվանդությունների տարածման հավանականությունը։ Բարեբախտաբար աշխարհն արդեն հասցեագրել է այդ մարտահրավերը և կառավարությունները սկսել են գործել։