00:00:00

Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. այսօր աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան օրն է

17:09, 22 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ , կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին: Ֆրանսահայ երգչի կատարումներով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ներկայացնելով Շառլ Ազնավուրի կենսագործունեությունը, բարձր է գնահատել ֆրանսահայ մեծանուն երգչի դերն ու վաստակը համաշխարհային մշակույթում և հայ ժողովրդի կյանքում: «Անուրանալի է Շառլ Ազնավուրի դերը նաև Սպիտակի երկրաշարժի տարիներին: 2001 թվականին Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը՝ Մեծ եղեռնի հուշարձանի հավերժական կրակի առջև, Շառլ Ազնավուրը երգել է իր նշանավոր «Ավե Մարիա» երգը: Նա մշտապես աջակցել և կարեկցել է հայ ժողովրդին: Եվ այսօր՝ նրա ծննդյան օրը, հայ- ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող գողտրիկ պուրակում կանգնեցվել է նրա կիսանդրին: Հպարտ ենք, որ մեր կենտրոնը կրում է ազգանվեր գործչի անունը: Սիրելի´ Շառլ, Ձեր անունը միշտ վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,- մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը: Քանդակագործ Յուրի Հավհաննիսյանի խոսքով՝ մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական հաղթանակների ամիս է, և պատահական չէ , որ տիեզերական մեծության Շառլ Ազնավուրը ծնվել է մայիսին։ Մի մարդ, ով այնքան սեր, հույս, հավատ, բարություն է մաղթել մարդկությանը: «Ապրելով ու ստեղծագործելով արվեստների մայրաքաղաք Փարիզում՝ նա ՝ որպես պոետ ու երգիչ , Սայաթ-Նովայի ու ֆրանսիական ժողովրդական երգարվեստի ավանդույթների սինթեզով արարեց ինքնատիպ ու հոգեպարար երգը՝ դառնալով համայն մարդկության սիրո պատգամախոս: Նա ծնվեց և ապրեց՝ որպես հայ, և ստեղծագործեց՝ որպես ֆրանսիացի՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ: Այսօր, երբ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերից մեկը, մենք մեր կողքին տեսնում ենք Ֆրանսիային՝ իր վճռական հորդորով: Եվ որպես դրա առհավատչյա՝ Ազնավուրի կիսանդրին թող անզուգական փայլ հաղորդի Արցախի մայրաքաղաքին՝ ի փառս հայ և ֆրանսիական ժողովուրդների դարավոր բարեկամության , և մղի մեզ նորանոր հաջողությունների: Հուշարձանը երախտիքի խոսք է հայ ժողովրդի արցախյան հատվածի կողմից ֆրանսիական ժողովրդին»,- մանրամասնել է Յու. Հովհաննիսյանը: Ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իր համար այսօր յուրահատուկ օր է, քանի որ իր և իր նման շատերի երազանքն այսօր դարձավ իրականություն՝ վերջապես Արցախ աշխարհն ունեցավ մեծ հայորդու կիսանդրին. այն էլ՝ նրա ծննդյան օրը: «Քանդակի մտահղացումը վաղուց էր ծնվել մեզ մոտ, սակայն ինչ- ինչ պատճառներով իրականացնելը հետաձգվում էր, և այսօր կյանքի կոչեցինք այդ ծրագիրը: Մենք սկզբում երկմտում էինք Շառլ Ազնավուրի երկու կերպարների ստեղծման շուրջ՝ զուսպ, մտահոգ Ազնավուրի և ժպտացող երգչի։ Արդյունքում ունեցանք երկրորդ տարբերակը: Ուզում ենք, որ հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում Ազնավուրի ժպիտը գալիք սերնդի համար լինի խորհրդանշական: Շատ բարդ էր ստեղծել Ազնավուրի կերպարը, որովհետև ինքն այնքան հարուստ է իր ապրած գիտակցական ու համեստ կյանքով, որ ավելորդություններ չներառեցինք արվեստի այս գործում»,- ավելացրել է Մ. Ֆարսիյանը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Ահ ԿԳՄՍ փախնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր հասարակությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին մեծն շանսոնյեի կիսանդրու պատվանդանին: Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, մահացել՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի հպարտությունն է, ով իր կյանքի ողջ ընթացքում ապրել է ազգի հոգսով ու ցավով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ՝ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն ՝ և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա աշխարհին հայտնի ֆրանսալեզու երգիչներից մեկն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր