00:00:00

Ջոկատի «թալիսմանը»՝ եզդի Էդգար Օզմանյան. «Ավելի լավ էր ես էլ իրանց հետ մեռնեի, քան թե էսքան հուշ, ցավ»

03:59, 10 մայիս 2021 Քաղաքականություն

32-ամյա եզդի Էդգար Օզմանյանը՝ հայրական տան մահճակալին պառկած, վիրավոր ոտքը մեկնած, մի ձեռքով ծխախոտն է բռնել, մյուսով երբեմն վիրավոր ոտքն է ուղղում։ Լրագրասեղանին սրճեփն է, նոր պատրաստված մի բաժակ սուրճն ու ծխախոտը։ Ծխախոտը ծխախոտի հետեւից է վառում, եւ կարծես, ավելի շատ ծանր ապրումները, հիշողությունները ցրելու համար է։ Պատերազմից հետո Էդգարն սկսել է շատ ծխել՝ օրական մոտ 3 տուփ։ Ծխի հոտը տարածվել է փոքր հյուրասենյակ-ննջասենյակում, որ շուտով լցվելու է նաեւ Էդգարի ու մոր՝ Գյուլնազ Օզմանյանի պատմություններով։
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի վերջնամասում՝ ժանգոտած դարպասից այն կողմ, կիսաքանդ տանիքով տանն է բնակվում Էդգարի ընտանիքը՝ կինն ու 5 անչափահաս երեխաները։ Հարեւան տանը՝ կիսաքանդ տանիքով, հայրական ընտանիքն է։ Մեր այցելության ժամանակ Էդգարը հայրական տանն էր։ Բակը նոր էին մաքրել։ Տիկին Գյուլնազը չի հասցրել մշակել կոկիկ բակի տնամերձ հողամասը։ Երբ Էդգարին վիրավոր Երեւան էին բերել՝ մայրը ե՛ւ որդուն էր խնամում, ե՛ւ Ուռուցքաբանության ինստիտուտ գնում՝ քաղկցկեղի դեմ քիմիաթերապիայի կուրսերի, դրանից հետո նաեւ ճառագայթներ է ստացել։ Հյուրասենյակի դեղին աղոտ լույսի պես մռայլ է մեր զրույցը, որը հետո պատերազմի ինչ-որ դրվագներից, կարծես, աշխուժություն է առնում։ 1995 թ․ Էդգարի հայրը՝ Խդր Օզմանյանը, կնոջ եւ 4 զավակների հետ Էջմիածնից տեղափոխվել էր Դալարիկ։ Այստեղ սկսել էին անասնապահությամբ զբաղվել՝ համագյուղացու անասուններն էր պահում, իսկ կինը կթվորուհի էր աշխատում։ Սկզբից ապրում էին փոքր սենյակում։ Էդգարն ասում է՝ ոչինչ չունեին։ 1992-1994 թթ․ հայրը մասնակցել էր Արցախյան պատերազմին, որից վիրավոր էր վերադարձել։ Մի զինվորական վերարկու ունեին, որը գցում էին գետնին, եւ հայրը 4 զավակներին գրկում, քնում էր։ Էդգարը հոգոց է հանում։ Մայրն ասում է՝ ծանր օրեր էին, այդ օրերին հացն անգամ ճոխություն էր։ Էդգարին 15 տարեկանում են ամուսնացրել՝ ելնելով եզդիական ավանդույթներից։ Էդգարի ավագ դուստրը 14 տարեկան է՝ ճիշտ այն տարիքին, երբ տատը՝ տիկին Գյուլնազը, ամուսնացավ։ Վերջինս պատմում է, որ ամուսինը բանակից նոր էր զորացրվել, երբ փախցրեց իրեն։ Մեծ պատմություն էր դարձել անչափահասին փախցնելը, բայց հետո, ասում է, ամեն ինչ հարթվեց, իրենք էլ երջանիկ ընտանիք կազմեցին։ Հիմա, սակայն, չի ընդունում, որ աղջիկներին շուտ են ամուսնացնում։ «Իմ աղջիկներին 16 տարեկանից եմ ամուսնացել, բայց թոռներս 18-20 տարեկան պիտի մնան. ուզեն՝ էդ ա, չուզեն՝ էդ ա։ Թիվն առաջվա նման չէ։ Էն ժամանակ ծնողներին էին նայում, եթե ծնողը տվեց, էլ էրեխու կարծիքը չէին հարցնում։ Բայց հիմիկվա էրեխեքից մենք ենք կարծիք հարցնում, էդի ավելի լավ ա»,- նշում է նա ու ավելացնում, որ թոռները լավ են սովորում, պիտի ուսում ստանան։ Էդգարն էլ համաձայնում է, ասում է՝ իր աղջիկները պարտադիր պիտի սովորեն, եթե իրենց ժամանակ երկու տարի ուշ էին ամուսնանում, ասում էին՝ տանը մնացած, իսկ հիմա «դարն է փոխվել, մարդիկ պիտի ընկերություն անեն, իրար ճանաչեն»։ Երբ Էդգարի 18-ը՝ պարտադիր զինծառայության տարիքը, մոտեցել էր, նա արդեն երկու երեխա ուներ։ Համաձայն օրենքի՝ կարող էր բանակ չգնալ, բայց ինքնակամ դիմում էր գրել եւ զորակոչվել։ Ծառայության անցել էր Մատաղիսում՝ ավագ հետախույզ-դիպուկահար էր։ Բանակում դիպուկահարի քննություններից ամենաբարձր միավորներ է ստացել, մեդալներ ունի։ Էդգարը վառում է հերթական ծխախոտը, ասում է՝ զինվորական կյանքը միշտ հետաքրքրել է իրեն։ Երբ դպրոցական էր, տնից նապաստակ, հաց ու պանիր էր վերցնում, տանում իրենց մոտ գտնվող զորավարժարան։ «Նստում էինք զինվորականության հետ, խորաթա անում, կրակում էինք»,- հիշում է նա ու ժպտում։ Բանակից վերադառնալուց հետո որոշ ժամանակ անասնապահությամբ է զբաղվել, հետո արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, որտեղ ինչ գործ ասես անում էին՝ ասֆալտ փռելուց սկսած։ 2019 թ․ չմեկնեց Ռուսաստան, ընտանիքին օգնում էր անասուններ պահել համագյուղացու համար։ Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմն սկսելու առավոտը, դաշտում էր։ Պատրաստվում էր «մի կոտր հաց ուտել», երբ հեռախոսով կարդաց, որ Ղարաբաղում կռիվ է։ «Ընկերոջս ասի՝ կովերը նայի, հեսա գալըմ եմ։ Ասի՝ ծարավ եմ, իջնեմ ցածը, ջուր առնեմ, գամ։ Խառնի էդ կովերն ընկերոջս կովերին, թափով եկա տուն։ Մամայենք արդեն խառնված էին, լսել էին, հելա գնացի գյուղապետարան, ասի՝ էթում եմ Ղարաբաղ, ասին՝ չե՞ս գժվել, 5 էրեխա ունես, ընտանիքի հալը-բանը, ասի՝ հետաքրքիր չի, գնում եմ։ Գյուղապետը չթողեց, ինձնի հանեց, լարեց։ Հետո գնացի վայենկոմատ, ասեցին՝ քանի՞ տարեկան ես, ամուսնացա՞ծ ես, երեխա ունե՞ս, ասի՝ 5 հատ ունեմ։ Էն էլ փոշմանա, որ ասի 5 հատ ունեմ, պիտի ասեի՝ չունեմ: Վայենկոմատն էլ մերժեց»,- վերհիշում է 32-ամյա զրուցակիցս: Զինկոմիսարիատի բակում սկսել էր հարցուփորձ անել, թե ով իրեն կտանի Արցախ, ինչպես գնա: Երբ որեւէ արձագանք չէր ստացել, վերադարձել էր դաշտ:
Հաջորդ օրը ընկերը զանգել էր՝ հայտնելով Մյասնիկյան գյուղում հավաքի մասին: «Կովերս խառնի ընկերոջս կովերին, համարյա 12 կմ վազեցի, եկա տուն, շորերս-մորերս հավաքեցի, մամայիս տեսա, էրեխեքին պաչեցի, գնացի Մյասնիկյան գյուղ, արդեն շարժվում էին»,- պատմում է կամավորականը: Նույն օրը Քանաքեռավան էին գնացել՝ զենք ստանալու, ապա Արցախ՝ Բալուջա (Այգեստան), որտեղ կամավորներից ստորաբաժանումներ էին կազմել: Հենց Բալուջայում էլ իմացել էր Թալիշի գրավման մասին, երբ փոխգնդապետից խնդրել էր իրեն Թալիշի զորամաս տանել: Մյասնիկյանի «Արծիվներ 11» ջոկատին սեպտեմբերի 29-ին տեղափոխել էին «Եղնիկներ», որտեղ նաեւ Էդգարն էր: «Ո՛չ կասկա, ո՛չ ժիլետ ենք ունեցել, ճանապարհին մարդիկ կային, որ կասկա-ժիլետը հանել գցել էին ճամփեքը, մենք մինչեւ տեղ հասանք, պոլնի բայեվոյ կասկա-ժիլետ ենք ունեցել»,- նկատում է նա: Պատերազմի իրադարձություններն առանց դադարների է պատմում: Երբեմն դառը ժպիտ է հայտնվում դեմքին, երբեմն այնպիսի ծիծաղ, որ միայն ցավից կարող է լինել: Ես սա հասկանում եմ ավելի ուշ, երբ Մյասնիկյանի գերեզմանոց ենք գնում: Երբ Էդգարի ջոկատը հասել էր «Եղնիկներ», գիշեր էր: Ասում է՝ միայն պատերն էին երեւում եւ զինվորականությունը: Հաջորդ օրը հրաման էին ստացել Մաղավուզի գերեզմանների մոտ հասնել հետախուզական դասակով: Էդգարը 44-օրյա պատերազմում հետախույզ-դիպուկահար է եղել: Սակայն Քանաքեռավանում զենք բաժանելիս նրան գնդացիր էին տվել, քանի որ դիպուկահարի հրացան չկար: «Մի քիչ խոսակցություն եղավ զենքի պահով, ասեցի, որ ես դիպուկահար եմ, չեմ կարա ՊԿ կրակեմ, սնայպերի զենքին որ մի բան էղնի, մեկից մեկ գիտեմ, թե ինչ պիտի անեմ, բայց ՊԿ-ն որ խարաբցավ, լռվավ, էդ ծանր զենքը պիտի վեկալեմ, կռվի դաշտում գնամ մի ՊԿ-իստի մոտ, ասեմ՝ էս ի՞նչ ա եղել զենքս»,- նշում է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր