00:00:00

Կոչ Ադրբեջանին՝ ապահովել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը. ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն այսօրվա նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Ստորև ներկայացնում ենք հանձնաժողովի հայտարարությունը. Հանձնաժողովը համոզված է, որ երկու երկրների ազգային խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան փոխվստահության կառուցման քայլերի, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման գործում:  Հետևաբար, հանձնաժողովը ողջունում է եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, բայց իր մտահոգությունն է հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ այս հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Ի հավելումն՝ հանձնաժողովը գտնում է, որ երկու կողմն էլ պետք է ամրապնդի համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ ուղղված նշված տարածքների ականազերծմանը՝ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով: Հանձնաժողովը կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որն այդ մարդկանց տրվել է կողմերից մեկի կողմից: Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 գերեվարված հայերի վերաբերյալ, հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ բոլոր հայ կալանավորվածներն անհապաղ ազատ արձակվեն և փոխացվեն Հայաստանի իշխանությունների հոգածությանը: Հանձնաժողովն այն կարծիքին է, որ վերջին միջազգային ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության և մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման նպատակով բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունն ու վերականգնումն ապահովելու նպատակով անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, հանձնաժողովը հանձնարարել է ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով զբաղվող իր ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները: Ի վերջո, հանձնաժողովը երկու կողմերին կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով և սկսելու խաղաղ բանակցությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր