00:00:00

Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը. ՀՀ ԱԳ նախարար

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրատեսակ բարոյական փարոս կդառնա շատ այլ երկրների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի տեղեկություններին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Խնդիրը միայն Հայաստանին և Թուրքիային չի վերաբերում: Մեր պարտականությունն է ճանաչել և դատապարտել անցյալի, ներկայի և ապագա ցեղասպանությունները»,- հայտարարել է Այվազյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած ռազմական դերակատարությանը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական Անկարայի գործողությունները մեկնաբանել է որպես տարածաշրջանում և Միջերկրական ծովի արևելյան ափին «ընդլայնվող անկայունության աղբյուր»: Արա Այվազյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը կհիշեցնի աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հակազդեցության չեն արժանանում չար արժեքները: «Ես հավատում եմ, որ վտանգավոր երկրներին միջազգային կանոնակարգի շրջանակ հրավիրելը մեր աշխարհը շատ ավելի ապահով կդարձնի: Դրանով մենք ականատեսը կլինենք ավելի քիչ ողբերգությունների, ավելի քիչ մարդկային կորուստների, իսկ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցին իր ուղերձում: «Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր