2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, որը որևէ կապ չուներ իրականության հետ։ Տպավորություն էր, որ նա կամ չի տիրապետում իրավիճակին, կամ նրան ներկայացրել էին խեղաթյուրված տվյալներ, կամ էլ հերթական անգամ ամբիոնից հայտարարություն արեց, որը, սովորության համաձայն, կարճ ժամանակ անց հերքելու է և հարցնի. «ե՞ս եմ այդպիսի բան ասել։»։
Իսկ ինչ էր ասում Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո»։
Իսկ իրականում պատկերը բոլորովին այլ է, ձուն ոչ թե սովորականի նման ներկրվում էր, այլ հակառակը՝ ձվի ներկրման համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում.
2021թ. փետրվարի 12-ին, «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնին՝ Բելոռուսի հանրապետությունից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները՝գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը,հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմինը մերժում է դիմումը և ի պատասխան 12.02.2021թ. գրության հայտնում, որ չի թույլատրվում բելոռուսական կազմակերպությունից սննդային ձվի ներմուծումը ՀՀ տարածք։
2021թ. փետրվարի 22-ին Էկոնոմիկայի նախարարություն է դիմում ՀՀ թռչնաբույծների միությունը, որով հայտնում է Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը: Միաժամանակ վստահեցնում են, որ արտադրողների կողմից բացթողման գների աճեցում չի նախատեսվում։ Թե ինչով էր պայմանավորված այսպիսի հայտարարությունը, դժվար է ասել։ Կարճ ժամանակ անց իրականությունը բոլորովին այլ էր։
2021թ. մարտի 1-ին «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն կրկին դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաքից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան 2021թ. մարտի 3-ին ստացվում է մերժում՝ Նովորոսիյսկ քաղաքի նկատմամբ թռչունների «նյու քասլ» հիվանդության բռնկման դեպքերի հետ կապված «անորոշ կարգավիճակ» սահմանված լինելու կապակցությամբ: Մարտի 10-ին Կրասնոդարի երկրամասից ներկայացված տեղեկանքով հերքվում է մերժման հիմքը։
Ընկերությունն, այնուամենայնիվ, նախաձեռնում է Հայաստան հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասնում և շուկա է մտնում միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Սակայն, ինչպես նշում է ընկերությունը, հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:
Ըստ էության, Զատկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն եղել միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես ներկայացնում է վարչապետը։ Հավի սննդային ձվի շուկայում խնդիրները գալիս են դեռևս 2019թ.-ից։ Իսկ Զատկի օրերի դեֆիցիտը նաև պետական մարմինների անհետևողական գործողությունների արդյունք էր։
Դրան զուգահեռ մնում են հարցեր, որոնք պետք է պարզվեին պետական մարմինների կողմից, սակայն այդպես էլ իրավասու մարմինների քննության առարկա չեն դարձել։
Մասնավորապես այդ մարմինները պետք է պարզեին, թե շուկայում որ անբարեխիղճ արտադրողներ են իրականացրել դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները։ 2020թ-ի փետրվարին այդպիսի մի իմիտացիոն գործընթացը, որով հարուցված վարույթի արդյունքում միայն 11 ամիս անց կայացվեց տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չբացահայտվեց, թե ո՞վ էր դեմպինգային ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն։
Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու էին պետական մարմինները հետևողականորեն մերժում ձվի ներկրման թույլտվության տրամադրումը։ Ո՞րն էր այդ մարմինների շահագրգռվածությունը։ Նույն հարցը վերաբերում է նաև այն թռչնաֆաբրիկաներին, որոնք պնդում էին, որ ներմուծման անհրաժեշտություն չկա, եղած ձուն կբավականացնի։ Ի՞նչ է թաքնված այդ գործընթացի հետևում, ում շահերն են հետապնդում ընկերության և սպառողների համար խոչընդոտներ ստեղծողները։
Մենք, իհարկե, իշխանության որևէ գերատեսչությունից խելամիտ պատասխան չենք ակնկալում, որովհետև նրանց գործելաոճն է կեղծելը, ամբիոնից խաբելը։
Ձվի դեֆիցիտի այս պարզ օրինակով ես փորձել եմ ցույց տալ, թե կառավարման ինչպիսի դեֆիցիտ է Հայաստանում։ Մեր պետության մնացյալ ոլորտներում նույն վիճակն է՝ երբ անգրագիտության, սեփական մանր շահերը պետության շահերից բարձր դասելու պատճառով ձախողում են ամբողջական համակարգեր և ոլորտներ։
Դեֆիցիտն այսօր դարձել է մեր պետության այցեքարտը՝ սկզբում դա գրագիտության և լրջության դեֆիցիտն էր, այնուհետև՝ պրոֆեսիոնալիզմի, սոլիդության, գրագետ կառավարման, ի վերջո՝ խաղաղության դեֆիցիտը։