Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր գնացել՝ մասնակցելու կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը: Նրա ելույթը ոչ այլ ինչ էր, քան ինքնապաշտպանական քարոզչական ելույթ, որի ընթացքում Փաշինյանը ոչ միայն թույլ տվեց, այսպես ասած, ռազմաքաղաքական և դիվանագիտական կոպիտ սայթաքումներ, այլև ցույց տվեց ռազմական «այբուբենի», պաշտպանական տարածքների, զորամիավորումների տարրական չիմացությունը:
Այս և պատերազմական տարբեր դրվագներին առնչվող տարբեր հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:
– Նախ ընդհանուր գնահատենք վարչապետի ելույթը: Նա պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020 թվականի տարեկան զեկույցը, Ձեզ ի՞նչ է թվում՝ նա հաշվետվություն ներկայացրե՞ց, անդրադարձա՞վ բոլոր խնդիրներին՝ ինչպիսին է եղել տնտեսությունը, կամ ամենակարևոր հարցերից մեկին՝ Քովիդ-19 համավարակի դեմ պայքարն ինչպես է իրականացվել և այլն: Ես կոնկրետ չեմ լսել՝ ինքը տվե՞ց այդ հաշվետվությունը: Ո՛չ: Սա նշանակում է՝ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, որ ինքը կառավարության ղեկավարն է և կառավարության գործունեության հաշվետվություն պետք է ներկայացնի: Կամ էլ ինքը Ազգային ժողովը համարում է իր ձեռքի կամ իր աշխատասենյակին կից գերատեսչությունը, որին կարող է հաշվետվություն տալ կամ չտալ, միևնույն է՝ իր «ղեկավարած»՝ «ուսապարկերի» խմբակցությունն ամեն ինչ վավերացնելու է և ընդունելու:
Սա խոսում է նրա մասին, որ ՀՀ կառավարման ղեկին կանգնած անձնավորությունը, ընդհանուր առմամբ, շատ հեռու է պետական կառավարման համակարգից, ցածր են նրա գիտելիքները ռազմաքաղաքական որոշումներ կայացնելու, միջազգային և, մանավանդ, դիվանագիտական հարաբերություններում, ինչպես նաև շատ ցածր են նրա գիտելիքները ռազմական ոլորտում: Այդ բոլոր ուղղություններում էլ ինքն այս երեք տարիների ընթացքում պարտավոր էր համապատասխան գիտելիքներ և ունակություններ ձեռք բերել երկիրը կառավարելու համար: Սա իմ ընդհանուր գնահատականն է:
Այսինքն, աշխատելու փոխարեն՝ այս կառավարության ղեկավարն ընդդիմություն է խաղում, կամ արդարացնում է իր ամբողջ գործունեությունը: Իսկ երբ ոչնչով չես զբաղվում, ապա սեփական գործունեության արդարացման միակ ուղին հների քննադատությունն է, սևի-սպիտակի բաժանումը, իմ ու քո անելը: Եթե մենք խորհրդարանական և ժողովրդավարական երկիր ենք, ապա ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը չպատասխանել պատգամավորի (անկախ պատգամավոր, նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի.- Մ.Պ.) տված հարցին: Եվ կապ չունի՝ ով է պատգամավորը:
Նա պատգամավորին ասում է՝ «Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»:
Իսկ դո՞ւ ով ես, այ ընկեր, այ սրիկա, եթե չլինեն պետական մեքենաները, ոստիկանությունը քո կողքը, դու՝ որպես միայնակ անձ, կարո՞ղ ես պատասխան տալ քո խոսքերի համար: Դու ո՞վ ես, որ նման տոնով ես խոսում մեր քաղաքացու կամ պատգամավորի հետ: Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության ղեկավարը իր բառապաշարով, լեզվով ցույց տվեց, որ իր համար պետական կառավարման համակարգում գերակա է ոչ թե պետական կառավարման լեզուն, այլ փողոցային, գողական լեզուն, որն ինքն օգտագործում է: Պատգամավորին ասում է՝ «էդ ինչ ճանապարհով եք հասել»․․․ ինքը՝ Փաշինյանը, թող հիշի, թե 2017-ին իրեն ոնց են խցկել ԱԺ՝ «Ելք» դաշինքով: Խոսում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարից, բայց այս տարիների ընթացքում իր լեզուն նույնիսկ ավելի ցածր է, քան քրեական ենթամշակույթը:
– Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան՝ անհեթեթ է համարել պնդումը, թե ինքն է որոշում կայացրել գրավել Լելե Թեփե բարձունքը՝ հայտարարելով. «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են: Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ այո, դա պետք է և կարելի է անել»: Այսինքն, խոսելով պատերազմական դրվագների մասին, Փաշինյանը հիմնական պատասխանատվությունը գցեց գեներալների վրա, որոնք այդ ժամանակ որոշումներ կայացնելու իրավունք ունեին:
– Այդ մասով կարող եմ ասել հետևյալը. ընդհանուր առմամբ ռազմաքաղաքական մակարդակներում, ռազմական ոլորտում օպերատիվ մակարդակում որոշումների ընդունման ընթացակարգեր գոյություն ունեն, և դրանց մեջ չկա «մոդերատոր» հասկացությունը, որ Փաշինյանն ասում է, թե մոդերացիա է արել: