00:00:00

Շուշիում եւս մեկ հուշակոթող են պղծել

00:38, 31 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանցիները Շուշիում ավերել են Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի եւ Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ Նշենք, որ տելեգրամյան ալիքները հրապարակել են Շուշիի այդ հուշակոթողից արբանյակներով արված 2020 եւ 2021 թվականների լուսանկարները, որոնցում ակնհայտորեն երեւում է, որ ադրբեջանցիները շարունակում են ավերել հայկական մշակութային ժառանգությունը։ NEWS.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը պատմեց, որ հուշակոթողը մոտ 10 տարվա պատմություն ունի. «Գտնվում էր Շուշիի բանուկ թաղամասում՝ Պռոշյան եւ Ղազանչեցոց եկեղեցու փողոցների խաչմերուկներից մի փոքր վերեւ։ 1990-ական թվականների զոհվածների, երկրաշարժի եւ Եղեռնի հուշարձան էր կոչվում։ Շատ գեղեցիկ, լավ պատրաստված կոթող էր։
Մեկը Մանվել Գրիգորյանն էր բերել, մյուսն էլ որպես Եղեռնի հուշարձան էր։ Այսօր տեղեկացա, որ ամբողջությամբ քանդել են»։ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ այն, ինչ հայկական է, ադրբեջանցիներն այսօր ամբողջությամբ վերացնում են իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում. «Մինչեւ անգամ հուշարձանների վրա հայերեն տառերով գրված են աղբյուրները, անգամ դրանք են ջնջել. վանդալիզմ է»։ Շուշիի քաղաքապետը պատմեց, որ հակառակորդը պոկել է նաեւ Խորհրդային Միության երկու կրկնակի հերոսների՝ Նելսոն Ստեփանյանի եւ Հովհաննես Բաղրամյանի արձանները. «Դե Վազգեն Սարգսյանինն արդեն հայտնի է, նաև Կանաչ Ժամն են պայթեցրել»։ Սարգսյանն ասաց, որ ռուս խաղաղապահների համար մուտքը Շուշի երբեմն փակ է լինում. «Նրանք հաճախ չեն կարողանում մտնել քաղաք։ Այն, ինչ տեսնում ենք, արբանյակով է։ Դե ինչ, արգելող չկա, ինչն իրենց պետք է, անում են։ Ինչպես վարչապետն ասել է՝ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է, այդպես էլ սարքում են»։ Նա պատմեց, որ դեպի Շուշի տանող ճանապարհին հայկական գերեզմաններ կան, որոնք հակառակորդն այս պահին քանդում է, տեղում նոր շինություն պետք է կառուցեն. «Ստեփանակերտից որ գնում ենք ու թեքվում դեպի Շուշի, աջի վրա հայկական գերեզման կա, այդ գերեզմաններն են սկսել քանդել, նոր շինություն են սարքում։ Երբ տեսա, արագ ահազանգեցի մեր նախարարություններին, բայց ոչինչ չեն կարողացել անել»։ NEWS.am-ը զրուցեց նաեւ Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի՝ մշակույթի գծով խորհրդական Մելանյա Բալայանի հետ, որը նշեց՝ իրենց տեղեկություններով հուշակոթողը հիմնովին վնասված է։
«Ունենք արբանյակային լուսանկարները, որոնք հիմք են չկասկածելու։ Մեր տեղեկություններով՝ այո, այդ հուշարձանն արդեն իսկ հիմնովին վնասված է։ Սպասելի է հակառակորդից նման քայլը»,- ասաց Բալայանը։ Նա հայտնեց, որ նախարարությունն այդ հարցով դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք տեղեկություններ ստանան՝ ինչ վիճակում են հուշարձանները. «Նրանք մեզ խոստացել են տեղեկություններ տրամադրել։ Ունենք հստակ տեղեկություններ, որ Ադրբեջանն օկուպացված բոլոր տարածքներում առավելապես ոչնչացնում է Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմները, նրանց հիշատակին նվիրված հուշակոթողները»։ Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից վանդալիզմի առաջին դեպքը չէ։ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանցիները պղծել են Շուշիում գտնվող միջնադարյան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, պղծվել են նաեւ Շուշիի Կանաչ ժամը։ Հակառակորդը շարունակ պղծում է նաեւ հայկական խաչքարերն ու գերեզմանաքարերը։ Գետնին են հավասարեցրել նաեւ Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր