00:00:00

Արցախի ԱԺ խոսնակն ու ԱԳՆ ղեկավարը քննարկել են հայկական մեքենաների քարկոծման դեպքերը

17:46, 30 մարտ 2021

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին: «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին: «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության գերակայություններից», - ասել է Ազգային ժողովի նախագահը՝ շեշտելով Ռուսաստանի հետ բարեկամական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը: ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես պաշտոնական դիվանագիտությանը աջակցող կարևոր օղակ: «Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործել արտաքին ճակատում ուժեղ ներկայանալու համար», - ասել է արտգործնախարարը: Այդ տեսանկյունից կարևորելով նման հանդիպումները՝ Դավիթ Բաբայանը շեշտել է դրանք պարբերական դարձնելու անհրաժեշտության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր