Պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր խորհրդարանում անդրադարձավ երեկ Ազգային ժողովի և Կառավարության հետ հարցուպատասխանին:
«Պարոն Միրզոյան, գիտեք՝ ի՞նչն է խնդիրը: Դուք խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահ եք, և ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ոչ միայն ձեզ ծափահարող զանգվածի նախագահն եք, այլև այն զանգվածի, ովքեր ձեզ չեն ծափահարում: Հնչեցվեց կարծիք, որ գրավոր դիմեք: Այո՛, պատգամավորը պարտավոր է գրավոր դիմել, բայց հարցուպատասխանի հարթակը բացառապես պետք է ծառայի բանավոր խոսքի համար և բանավոր հարցուպատասխանի»:
Գևորգյանն ասաց, որ Կառավարության անդամները հեգնական վերաբերմունք են ցուցաբերել խորհրդարանի պատգամավորների նկատմամբ: «Դուք պետք է միջամտեիք, այստեղ եք դուք կերտում ձեր հետագիծը, ես չեմ, որ պետք է գնահատական տամ, այսօր այնքան գնահատական տվողներ կան Հայաստանի Հանրապետությունում, որի անցյալը մշուշոտ է, ներկան՝ չգիտես ուր»:
«Հարգելի բարեկամ, հարգելի պարոն Գևորգյան, ես իմ պարտականություններն էլ, իրավունքներն էլ շատ հստակ գիտեմ, լսեցի ձեր հորդորը, ձեր խորհուրդները, մի մասը համարում եմ կառուցողական, մյուս մասն էլ՝ թույլ տվեք ես որոշեմ: Թող ամեն մարդ իր հետագծի մասին նախ մտածի, հետո՝ մյուսների»,- արձագանքելով Գևորգյանին՝ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: