00:00:00

Խորհրդարանը, Ձեր գլխավորությամբ, կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին. Գոռ Գևորգյանը՝ Արարատ Միրզոյանին

10:47, 25 մարտ 2021

Պարոն Միրզոյան, Դուք խորհրդարանական կառավարման երկրի խորհրդարանի նախագահն եք, և ուզում եմ հիշեցնել, որ Դուք ոչ միայն այն զանգվածի նախագահն եք, որ Ձեզ ծափահարում է, այլ նաև այն՝ որ Ձեզ չի ծափահարում, ԱԺ ամբիոնից, դիմելով Արարատ Միրզոյանին, ասաց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։ Պատգամավորը դժգոհեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՄԻՊ-ի վերաբերյալ իր հնչեցրած բանավոր հարցին առաջարկել են գրավոր դիմել։
«Այո՛, պատգամավորը կարող է գրավոր դիմել, բայց այս հարթակը պետք է ծառայի բանավոր խոսքի ու հարցուպատասխանի համար։ Խորհրդարանը, Ձեր գլխավորությամբ, կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին։ Դրա վառ ապացույցն է անցած օրը կառավարության անդամների կողմից հեգնական վերաբերմունքը պատգամավորների հնչեցրած հարցերին», - ասաց Գևորգյանը։ Պատգամավորի խոսքով՝ ԱԺ նախագահը պարտավոր էր միջամտել։ Արձագանքելով Գոռ Գևորգյանին՝ Արարատ Միրզոյանն ասաց, թե պատգամավորի հորդորի մի մասը համարում է կառուցողական։ «Ձեր հորդորի մի մասը կառուցողական է, մի մասն էլ, թույլ տվեք՝ ես որոշեմ, էլի։ Ամեն մարդ թող իր հետագծի մասին մտածի», - ասաց Միրզոյանը։ Հիշեցնենք՝ նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գործադիր մարմնի անդամները չեն պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հարցերին՝ առաջարկելով դրանք ներկայացնել գրավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր