Կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդու օրգանիզմում ձևավորված հակամարմինները, ըստ մի շարք հետազոտությունների, կարող են պահպանվել մինչև 8 ամիս, սակայն չպետք է մոռանալ վիրուսի մուտացված շտամների, նաև յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկության մասին: Այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա նախ նշեց, որ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը բարդ է նրանով, որ Covid-19-ը նոր վիրուս է, և անընդհատ նոր դրսևորումներով է հանդես գալիս: Տարբեր երկրներում կան մուտացված շտամներ:
«Մի շարք գիտական հետազոտություններ ուղղակի ապացուցել են, որ հակամարմիները կարող են պահպանվել մինչև 8 ամիս: Սակայն այդ 8 ամիսը պայմանավորված է նաև յուրաքանչյուր անձի առանձնահատկություններով, այսինքն՝ մի անձի մոտ հակամարմինը կարող է պահպանվել մինչև 8 ամիս, մեկ այլ անձի մոտ հակամարմինների մակարդակը 1 ամիս հետո կարող է իջնել»,-ասաց Աբովյանը: