Լիբանանի հայերի եւ Հայաստանի քաղաքական կազմակերպությունների կարծիքները տարբեր են Հայաստանի կառավարության եւ վարչապետի հրաժարականի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Լիբանանի հայերի ազգային-քաղաքական կյանքը, հիշեցրեց Քանդահարյանը, ավանդաբար կապված է երեք կուսակցությունների (ՀՅԴ-ի, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ «Ռամկավար» կուսակցության) գործունեության հետ:
«Դաշնակցությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհում, հանդես է գալիս ընդդիմադիր մոտեցումներով եւ պահանջում է Հայաստանի վարչապետի հրաժարականը: Նույնը չի կարելի ասել «Հնչակյան» կուսակցության մասին»,- ասաց նա:
«Պատերազմում կրած պարտության, դրա արդյունքում միակողմանի զիջումների հետ կապված իրավիճակը բարոյահոգեբանական տեսանկյունից անբավարար է: Լիբանանահայերը միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ դրա զարգացման գործում: Լիբանանից եկած հայերի ջանքերով Քաշաթաղի շրջանում բնակավայրեր կառուցվեցին: Բացի այդ, պարբերաբար ֆինանսական աջակցություն էր տրամադրվում: Ուստի Լիբանանի հայ համայնքի օժանդակությունը պետք է դիտարկել երկարատեւ ժամանակահատվածի կտրվածքով, այլ ոչ` միայն նրա, ինչ արվել է վերջին պատերազմի ընթացքում կամ դրանից հետո»,- շեշտեց Քանդահարյանը:
Լիբանանի հայերի բարոյահոգեբանական ծանր վիճակը, ինչպես պարզաբանեց թերթի գլխավոր խմբագիրը, լրացվում է նաեւ բուն Լիբանանում տիրող սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակով:
«Սա տարբերակիչ հատկանիշներից մեկն է հայկական այլ համայնքների համեմատ»,- եզրափակեց նա:
Նշենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց Արցախում պատերազմի ավարտից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որի արդյունքում 9 շրջան (Ղարաբաղի շուրջ 7 շրջան, ինչպես նաեւ` Հադրութը եւ Շուշին) փոխանցվեց Ադրբեջանին:
Հայաստանի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչպես նաեւ երկրի եկեղեցական, կրթական եւ մշակութային հաստատությունները պահանջում են վարչապետի եւ ամբողջ կառավարության հրաժարականը: