Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին, մարտի 1–ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Հայրենիքի Փրկության Շարժման կողմից Բաղրամյան պողոտայում տեղադրված վրաններից մեկի վրա։ Ականատեսների վկայությամբ, մոտ 30 հոգանոց մի խումբ ներխուժել է վրաններից մեկը և պահանջել, որ այն քանդեն։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում տուժել են ՀՓՇ ակտիվիստներ Նարեկ Ջուլյանը և Գարեգին Հովսեփյանը։
Վերջինս Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Նարեկ Ջուլյանին տեղափոխել են Շենգավիթ բժշկական կենտրոն. «Չնայած ծանր վնասվածքներին, բարեբախտաբար, Նարեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ի վիճակի է շարունակել պայքարը հանուն հայրենիքի փրկության ու դավաճանների հեռացման»,- ասաց Հովսեփյանը։ Նրա խոսքով, ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել միջադեպի ժամանակ, չնայած որ ծեծկռտուքը տեղի է ունեցել նրանց աչքի առաջ։
«Ավելին ասեմ, ոստիկանները ճանապարհ բացեցին, որպեսզի մեզ վրա հարձակված նիկոլական խմբակը կարողանա անվնաս հեռանալ»,–հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում, իսկ ժամը 18:00-ին Բաղրամյան պողոտայում մեկնարկել էր ընդդիմության հանրահավաքը։
Irakanum.am