Անկախ Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության հետ նոր ձևաչափի միութենական միավորում ձևավորելու պարագայում մենք նախ և առաջ տեսնում ենք միացյալ սահմանապահ զորամիավորման ձևավորման անհրաժեշտությունը, նոր ռազմաբազայի տեղակայմամբ՝ դրանից բխող ենթակետերով, ստորաբաժանումներով հանդերձ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Անվտանգության խնդիրն առաջնային է բոլորի համար: Ինչպիսի դիմագրավում կարող է տեղի ունենալ անընդհատ հնչող սպառնալիքների իրագործման դեպքում մեր կողմից, վերջերս տեղի ունեցած պատերազմի արդյունքները տալիս են դրա պատասխանը: Անկախ Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության հետ նոր ձևաչափի միութենական միավորում ձևավորելու պարագայում մենք նախ և առաջ տեսնում ենք միացյալ սահմանապահ զորամիավորման ձևավորման անհրաժեշտությունը, նոր ռազմաբազայի տեղակայմամբ՝ դրանից բխող ենթակետերով, ստորաբաժանումներով հանդերձ։ Եվ թող որևէ մեկը հակադարձի՝ արդյոք հայաստանցիներն ուզում են, որպեսզի մեր երեխաները պաշտպանեն հայրենիքը՝ կանգնելով թուրքի դեմ հանդիման սահմանագծին, թե որ դա անեն ռուսաստանցի զինծառայողները: Թող որևէ մի հայաստանցի պատասխանի հետևյալ հարցին՝ լա՞վ է թե՞ վատ, որ մենք այս բանաձևով հնարավորությունն ենք ունենալու բերել և գործարկել մի քանի միլիարդի ռազմամթերք, մարդկային ռեսուրս և այլն՝ անկախ Հայաստանի մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին նույնիսկ քննարկում չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը գնալու է այդ ճանապարհով՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, որպես ինքնավարություն ունեցող, արտաքին գերատեսչություններով ներկայացող, զինված ուժեր ունեցող երկիր: Հուսով եմ՝ այս խոսակցություններն առահասարակ կփակվեն: Եթե մենք ունենք այլընտրանք պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա:
Նրա խոսքով`մենք այլընտրանք չունենք, քանի որ չկա այլ գործընկեր, ով կցանկանար միավորվել մեզ հետ:
«Այստեղ խոսք չի գնում՝ ում հետ ձևավորել, այստեղ մեկ բան է դրված՝ ձևավորել Ռուսաստանի հետ կամ չձևավորել Ռուսաստանի հետ, որովհետև ուրիշ գործընկեր մենք չունենք, ուրիշ ցանկացող չկա մեզ հետ միավորվելու: Եվ երբ հարցեր են ուղղվում դեպի ԱՄՆ, արևմուտք, Եվրոպայի Միություն և առանձին երկրներ, ես ուզում եմ հիշատկել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, որ 44 օր շարունակ ասում էր՝ սպանում են երեխաներ, խաղաղ բնակիչներ, կանայք, ծերեր, հաշմանդամներ, զինվորականության հետ կապ չունեցող մարդիկ, երբ գործածվում էր քիմիական զենք, երբ ճշտգրիտ հարվածներով ռմբակոծվում էին ծննդատուն և հումանիտար այլ նշանակության օբյեկտներ, որտե՞ղ էին նրանք, որոնք ԱՄՆ դեսպանի շուրթերով հայտարարում են՝ Հայաստանում ժողովրդավարությունն անգին է, և այն պետք է շարունակվի: Բայց ժողովրդավարությունը որտե՞ղ էր, երբ ճշտգրիտ հարվածում էին ծննդատանը»,- հավելեց նա:
Ուրխանյանն ասաց, որ եթե միութենական միութենական կարգավորումներ և ստանդարտներ ունենայինք, ապա արտագնա աշխատանքի մեկնողները չէին մնա երկրում:
«Ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող 100.000-ից ավել մարդիկ մնացին Հայաստանում, քանի որ աշխարհում վարակ էր, և յուրաքանչյուր երկիր փակեց իր սահմանները տարածումից խուսափելու համար, բացառության երկրների, որոնք տարբեր միությունների մեջ են: 100.000-ից ավել մարդ չկարողացավ գնալ իրենց աշխատանքին, իրենց ընտանիքներին ուղարկել և վերջում որոշակի գումարով վերադառնալ և երկրում շրջանառություն առաջացնել: Հիմա եթե մենք ունենայինք միութենական կարգավորումներ և ստանդարտներ, և այդ խնդիրը լուծվեր, լա՞վ է թե՞ վատ է: 2019 թվականին շուրջ 14 % աճը և հետևաբար լրացուցիչ եկամուտը պետական գանձարան ապահովվեց մեքենաների ներկրման և վերավաճառքի պատճառով: Այդ վաճառքները իրականացվում էին Եվրոպայի տարածքո՞ւմ, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ճապոնիայի թե՞ Միջին Արևելքի տարածքում: Գնում էր ԵԱՏՄ պետություններին: Այդ մեքենաները մնացել են ոչ միայն երկաթե ջարդոնի տեսքով, այլ նաև վարկի ծանր բեռի տեսքով»,- նշեց նա: