00:00:00

Սուրեն Պապիկյանը Գյումրիում է. կայացավ փակ հանդիպում գերիների հարազատների եւ նորանշանակ մարզպետի հետ

13:44, 26 հունվար 2021

Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր Գյումրիում էր: Նախարարի այցի նպատակը Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելն էր: Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում՝ համայնքապետերի, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ: Պապիկյանի այցի օրակարգում էր նաև 62 շիրակցի գերիների հարազատների հետ փակ հանդիպումը: «Իմ օրոք Շիրակի մարզպետները եղել են 3-ը, որոնց գործունեությունը եղել է մեկը մյուսի շարունակությունը: Ես լիահույս եմ, որ պարոն Հարությունյանը նույնպես ավանդույթը կշարունակի, և այն փոփոխությունները, որոնք մենք 2018թ. ձեռնարկել ենք, կլինեն շարունակական:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար և իր հետագա գործունեության մեջ հաջողություն եմ մաղթում: Նոր մարզպետին՝ պարոն Հարությունյանին, ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս դժվարին ժամանակաշրջանում իր ուսերին այս բեռը վերցնելու, այս պատասխանատվությունը վերցնելու համար: Մենք ընթացիկ տարում կարևոր անելիքներ ունենք, պետք է համատեղ աշխատանքի միջոցով կազմակերպենք մարզի զարգացումը»,- հայտարարեց տարածքային և ենթակառուցվածքների նախարարը: Պապիկյանի խոսքով՝ այս փուլում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել. կա խնդիր ողնաշարը շտկելու, ոտքերի վրա ամուր կանգնելու: Սուրեն Պապիկյանն այս փուլում կարևոր է համարում միասնության և համերաշխության մթնոլորտի ստեղծումը: Տարածքային և ենթակառուցվածքների նախարարը, անդրադառնալով 2021-ի անելիքներին, հայտարարեց. «2021-ին մեծ անելիքներ ունենք ենթակառուցվածքների, մասնավորապես Գյումրի քաղաքի տեսքի վերականգնման պրոցեսի շարունակականության առումով: Չնայած 2020թ. խնդիրներին, մենք բավականաչափ աշխատանք ենք կատարել Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում: 2021թ. անելու ենք ամեն ինչ, որպեսզի հետ չմնանք մեր որդեգրած ճանապարհից»,- ընդգծեց Պապիկյանը: Նախարարը բարի երթ մաղթեց Շիրակի նորանշանակ մարզպետին: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը իր խոսքում նշեց. «Շնորհակալ եմ նման բարձր վստահության համար, որ այս դժվարին ժամանակներում ինձ տրվել է հնարավորություն, որպեսզի իմ գիտելիքները, իմ փորձը ներդնել իմ հարազատ մարզի զարգացման, 2020թ. մարտահրավերներից հետո ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար: 2020թ. բոլորիս համար ծանր տարի էր՝ ինչպես տնտեսական, այնպես էլ էմոցիոնալ առումով: Տարին սկսվեց կորոնավիրուսի համավարակով, որը պարալիզացրեց տնտեսությունը, և երբ արդեն հույս կար, որ մենք հաղթահարել էինք այդ դժվար մարտահրավերը, մեզ բոլորիս համար սկսվեց ավելի ծանր պատերազմական շրջան, որից մեր երկիրը, անկախ ծանր ելքից, դուրս եկավ պատվով»: Շիրակի մարզպետի խոսքով՝ պետք է ջանք չխնայել, որպեսզի օր առաջ հաղթահարենք այս դժվարին ժամանակահատվածը. «Բոլորիցդ ակնկալում եմ համագործակցություն, փոխհամագործակցություն, միասին աշխատանք: Ես համոզված եմ, որ մենք հասնելու ենք այն օրվան, երբ 2020թ. ինչքան էլ ցավալի կմնա պատմության մեջ, բայց 2021-ը և հետագա մյուս տարիները մենք կամրագրենք որպես վերածննդի տարիներ»,- եզրափակեց Հովհաննես Հարությունյանը: Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք տեղյակ է Տիգրան Պետրոսյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառների մասին՝ հիշեցնելով, որ նախկին մարզպետը ասուլիս է խոստացել: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել կառավարություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր