Մենք վճռական ենք և պայքարելու ենք այս դավաճան ու սրիկա իշխանություններին հեռացնելու համար: Այս մասին Երևանի Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Բոլոր քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, որ սա ուղղակի պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն մեր հայրենիքի փրկության: Իրավիճակն օրհասական է, վտանգված են ՀՀ սահմանները և վտանգված է հայ ժողովրդի գոյությունը: Քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գալ փողոց»,- նշեց նա:
Արթուր Վանեցյանը նկատեց, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելը ապօրինի գործողություն է. «Բիրտ ուժի կիրառմամբ չեն կարող մեզ լռեցնել: Թույլ չենք տալու այս դավաճան պլանը հասնի իր ավարտին: Որևէ բանով մեզ չեն կարողանալու վախեցնել»,- ասաց նա:
«Հայրենիք» կուսակցության նախագահը վստահ է, որ ոստիկանների 95 և ավելի տոկոսը հայրենասեր մարդիկ են, ծառայում են իրենց հայրենիքին։ «Ուղղակի մոլորված են, բայց համոզված եմ, որ մեր ոստիկանները շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին: Սպան չի կարող լինել դավաճանի ենթակա, սպան չի կարող կատարել դավաճանի հրամանները»,– ասաց նա: