00:00:00

Պետական համակարգն այլևս չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, այնտեղ նրանից զզված են և սպասում են հարմար առիթի՝ նրանից ազատվելու. Վանեցյան

16:14, 09 դեկտեմբեր 2020

Մեզ համար կա մեկ նպատակ՝ երկիրը փրկել պարտված Նիկոլ Փաշինյանից և հաղթահարել առկա դժվարությունները: Առանց խտրականության՝ բոլոր միջոցները, հեռացնելու նրան, մենք համադրելու ենք՝ և՛ դրսի ճնշում, և՛ պատգամավորների հետ աշխատանք,լրագրողների հետ զրույցում ընդդիմության երթի մեկնարկին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գործիք՝ իր բոլոր արածներն ու չարածները բարդել այս կամ այն մարդու վրա, բայց կա մեկ մեղավոր, և այդ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Ի՞նչ է նշանակում՝ նախկինները ծախեցին Արցախը: Մենք 2.5 տարի առաջ ունեցել ենք ազատագրված Արցախ, մարտունակ բանակ, իսկ Փաշինյանի գալուց հետո ունենք Արցախի շուրջ 75 տոկոսի կորուստ և գրեթե ոչնչացված անվտանգային համակարգ: Մեղավորը պետք է պատասխանատվություն կրի և օր առաջ հեռանա: Մեր ժողովրդին հորդորում եմ դուրս գալ փողոց: Սա պայքար է հանուն հարենիքի փրկության: Ժողովո՛ւրդ, հասկացեք, որ մեկ օր ավելի դավաճան Նիկոլի իշխանության մնալը բերելու է մեր երկրի կորստի:Մենք առաջիկայում ունենալու ենք ծանր տնտեսական հետևանքներ, հոսանքի, գազի, առաջնային ապրանքների թանկացում», - ասաց Վանեցյանը: ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ ադրբեջանցիներն ամեն օր անարգել մտնում են հայաբնակ տարածքներ, սպառնում ՀՀ քաղաքացիներին, ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսնում նրանց հետ, մինչդեռ իշխանության կողմից որևէ արձագանք չկա: Վերջում Վանեցյանը շեշտեց՝ պետական համակարգն այլևս չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, նա այդ համակարգում որևէ հենարան չունի, քանի որ պետական համակարգը զզված է նրանից և սպասում է հարմար առիթի՝ օր առաջ Փաշինյանից ազատվելու: «Նիկոլ Փաշինյանն աջակիցներ չունի, և դա փաստ է», - համոզմունք հայտնեց քաղաքական գործիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր