00:00:00

Իտալիան նոր սահմանափակումներ է կիրառում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված

18:57, 02 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իտալիայի կառավարությունը մտադիր չէ միասնական հավելյալ սահմանափակումներ ընդունել՝ կորոնավիրուսի տարածման աճով պայմանավորված: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում, հայտարարել է, որ նախատեսվում է սահմանափակել մարդկանց տեղաշարժը «ուշ ժամերին», ինչպես նաև շրջանների միջև, որոնք առավել ռիսկային գոտում են գտնվում վիրուսի տարածման առումով: Իտալացի վարչապետը մասնավորեցրել է, որ նոր միջոցառումները կընդգրկվեն հերթական համապատասխան հրահանգներում: «Նոր սահմանափակող միջոցների ընդունումը պետք է տեղի ունենա՝ հիմնվելով ռիսկի մակարդակի համամասնության և իրավիճակի արդիականության վրա: Երկրով մեկ կփակվեն թանգարանները և ցուցահանդեսները, առևտրի կենտրոնները հանգստյան և տոն օրերին, բոլոր խաղասրահները, ինչպես նաև կսահմանափակվի ուշ ժամերին մարդկանց տեղաշարժը՝ առանց հարգելի պատճառի»,- ասել է Կոնտեն: Բացի այդ, ավագ դպրոցներն անցնելու են հեռավար ուսուցման: Կոնտեի խոսքով՝ երկրում տիրող ներկա համաճարակաբանական իրավիճակը տարբերվում է գարնան առաջին ալիքի հետևանքով ստեղծված իրավիճակից: Չնայած վարակման դեպքերի զգալի աճին՝ հոսպիտալացված հիվանդների թիվն անհամեմատ ավելի քիչ է: Վերջին օրերին Իտալիայում կորոնավարակակիրների թիվն ամեն օր ավելանում է մոտ 30 հազարով: Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է վարակման 709 335 դեպք, որոնցից 38 826-ը՝ մահվան ելքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր