00:00:00

«Իրանն ահաբեկիչների հարցով ոչ ոքի հետ հաշվի չի նստելու». ԱԳՆ ներկայացուցիչ

18:03, 02 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իրանը կրկին լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին: «Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցերի ժամանակ զգուշացրել է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության մասին: Մենք մինչ այժմ էլ անհանգիստ ենք այդ հարցի կապակցությամբ»,- նշել է Խաթիբզադեն և հավելել, որ այդ հարցով իրենք ոչ ոքի հետ հաշվի չեն նստելու: Ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ են գերեվարել: «Թուրքիան և Ադրբեջանը այլևս չենք կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,-գրել է դիվանագետն ու գրառմանը կից Արցախի անկախության ճանաչման հեշթեգ օգտագործել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է երկու սիրիացի վարձկանը: Նրանցից մեկը՝ 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին, նախնական հարցաքննության ժամանակ պատմել է, որ «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր