00:00:00

Թուրքիան պատրաստվում է դեպի Սև ծով երկրորդ գազային արշավին

17:51, 02 նոյեմբեր 2020 Աշխարհ

Սև ծովում երկրի պատմության մեջ առաջին գազային հանքավայրը հայտնաբերելուց հետո Թուրքիան պատրաստվում է երկրորդ արշավի: Այս մասին գրում է eadaily.com կայքը: Օգոստոսի վերջին «Ֆաթիհ» հորատող նավը գազի հանք է հայտնաբերել Սև ծովի արևելյան մասում՝ Բուլղարիայի սահմանին մոտ գտնվող Թուրքիայի տնտեսական գոտում: Անկարան Սաքարիայի պաշարները գնահատել է 405 միլիարդ խմ: Տեղորոշիչ պորտալների տվյալների համաձայն՝ «Ֆաթիհ»-ը լքել է «Թունա -1» հորատման վայրը և հոկտեմբերի վերջին գտնվում էր Սև ծովի ափին գտնվող թուրքական Զոնգուլդաք շրջանում: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ նոյեմբերի սկզբին հորատող նավը կսկսի երկրորդ աշխատանքը Türkali-1 բաց հանքավայրում: «Մենք նախատեսում ենք հորատել 30-40 հորատանցք: Սա 7-8 տարվա պլան է: Բայց առաջին արդյունահանումը  կսկսվի 2023 թվականին մոտ»,-ասել է նախարարը: Ըստ ամենահամարձակ կանխատեսումների՝ նախնական արդյունահանումը կարող է կազմել տարեկան 5-10 մլրդ, իսկ պիկին հասնելու ժամանակ ՝ 15 մլրդ խմ: Դյոնմեզը հայտարարել է, որ հունվարին «Կանունի» հորատող նավը, որն այժմ գտնվում է Ստամբուլի մերձակայքում, կմիանա «Ֆաթիհ»-ին: Միևնույն ժամանակ, բաց հանքավայրի տարածքում նոյեմբերին կսկսվեն լրացուցիչ սեյսմիկ հետազոտություններ: Թուրք երկրաբանները պնդում են, որ մոտակայքում կան նմանատիպ կառույցներ, բայց հորատումը կսկսվի միայն երկրաբանական հավաստի տվյալներ ունենալու դեպքում: Անկարան կարծում է, որ թուրքական նավատորմին ևս մեկ հորատող նավ է պետք, և այժմ քննարկում են այն գնելու կամ վարձակալելու տարբերակներ: Հիշեցնենք, որ Թուրքիայի և միջերկրածովյան մի շարք այլ երկրների արաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր