Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
24-ամյա Սասունին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սասուն Դ.-ն, չունենալով վարորդական իրավունքի վկայական, իր ծննդյան օրը՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում վարել է «ՎԱԶ-21099» ավտոմեքենան, որի մեջ եղել են հինգ ընկերները՝ Արենը, Էմիլը, Դավիթը, Արմենն ու Միրանը:
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից դեպի Վանաձոր ընթանալիս, գյուղի 5-րդ փողոցի 16-րդ տան մոտ Սասունը, ըստ մեղադրանքի, դուրս է եկել վազանցի, մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, ստեղծել է վթարային իրադրություն, խախտել է օրենքի համապատասխան հոդվածի ու ՃԵԿ համապատասխան պահանջները, խոչընդոտել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Տոյոտա Պրադո» մեքենայի երթևեկությանն ու բախվել է նրան:
Ըստ մեղադրանքի՝ Սասուն Դ.-ն, իր գործողություններով պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկել է այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Վթարի հետևանքով Սասուն Դ.-ի մեքենայի ուղևորներ, նրա ընկերներ Արենը, Էմիլը և Դավիթը մահացել են, երկու ընկերները ստացել են մարմնական վնասվածքներ… Սասուն Դ.-ն վթարի հետևանքով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ…
Սասուն Դ.-ն դատարանում դիրքորոշում չի հայտնել, պատճառաբանել է, թե ոչինչ չի հիշում՝ սկսած դեպքի օրվա առավոտից: Դեպքի մասին իմացել է հիվանդանոցում՝ դեպքից 15 օր հետո, երբ գիտակցության է եկել: Իր ընտանիքի անդամներն են ասել, որ տղաներով վթարի են ենթարկվել, բայց այդ ժամանակ չեն ասել, որ ընկերները մահացել են: Ինքն այդ մասին իմացել է հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ:
Մորից իմացել է, որ դեպքի օրը արթնացել, մեքենայով գնացել աշխատանքի, վերադարձել է ժամը 14-15-ի սահմաններում: Քիչ հետո Արենը զանգել ու կանչել է իրեն: Ինքը գնացել է: Իսկ երեկոյան մայրն իմացել է, որ իրենք վթարի են ենթարկվել:
Սասուն Դ.-ն ասել է՝ եթե դատարանը գտնի, որ ինքն է մեղավոր վթարի համար, զղջում է, պատրաստ է կրելու իր պատիժը:
Նախաքննության ընթացքում ընդունել է մեղադրանքը, քանի որ չգիտեր՝ գործն ինչ ընթացք կունենա…
Մեքենան, որով վթարի են ենթարկվել, ինքը գնել էր, բայց չէր հասցրել անվանափոխություն կատարել: Չնայած վարորդական իրավունքի վկայական չունի, բայց մեքենան վարում էր: Պետք եկած ժամանակ մեքենան վարում էին նաև ընկերները:
Սասունը նշել է, թե չի հիշում՝ դեպքի պահին ի՞նքն էր ղեկի մոտ, թե՞ Արենը, ով մահացել է: Նա հայտնել է, թե համաձայն չէ դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետ, ըստ որի՝ վթարի ժամանակ մեքենայի ղեկին եղել է ինքը: Իր կարծիքով՝ եթե ինքը լիներ ղեկի մոտ, ողջ չէր մնա:
Նույն մեքենայում գտնված ու ողջ մնացած տուժողներ Արմենը և Միրանը նշել են, թե չեն հիշում՝ ով էր դեպքի պահին նստած մեքենայի ղեկին: Ըստ Արմենի՝ քանի որ մեքենան Սասունինն էր, հնարավոր է՝ նա էր վարում, բայց հնարավոր է՝ Արենն էր վարում՝ նա իրենցից ավելի լավ էր մեքենա վարում…
Ողջ մնացած տուժողներն ասել են, թե Սասունի մեքենայով Դավիթին տանում էին Վանաձոր… Արմենը նստած է եղել հետևի նստատեղի ձախ կողմում: Ճանապարհին նկատել են դեմ-դիմաց եկող սև գույնի «Տոյոտա Պրադո»: Արմենը գոռացել է «փախցրա, փախցրա»: Նույն պահին մեքենան բախվել է «Տոյոտային»: Մնացածը չեն հիշում…
Տուժող Միրանը նախաքննական ցուցմունքում իր ձեռքով միանշանակ գրել է, որ դեպքի պահին մեքենայի ղեկին Սասունն էր:
Տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ն հայտնել է, որ Արենը իր միակ որդին էր: Դեպքի օրն ինքը որդու հետ Վանաձորում էր՝ նոտարական գրասենյակում գործարք էին կատարում: Այդ ընթացքում Արենին անընդհատ զանգում ու կանչում էին Սասունը, Արմենը ու մյուսները:
Մինչև ժամը 16-ը Արենն իր հետ էր, հետո գնացել է ընկերների մոտ՝ ասելով, թե Սասունի ծննդյան օրն է, պետք է նշեն: Իրենք պիտի գնային բարեկամի տուն՝ ցավակցելու բարեկամներից մեկի մահվան առիթով: Պայմանավորված ժամին Արենը տուն չի վերադարձել: Հետո լուր է ստացվել, որ Սասունի մեքենայով վթարի են ենթարկվել: Ինքը գնացել է դեպքի վայր, այնտեղ իր որդին չկար՝ տեղափոխել էին: Իրեն չասացին, որ որդին մահացել է:
Տուժողի իրավահաջորդը նշել է, թե իր իմանալով՝ ղեկին նստած է եղել Սասունը: Դեպքի հաջորդ օրը լուրեր են տարածել՝ իբր ղեկին եղել է իր որդի Արենը: Ինքը մեղավորության զգացում է ունեցել… Բայց պարզվել է, որ դա սուտ է: Հաջորդ օրը լուր են տարածել՝ իբր ղեկին Էմիլն է եղել: Դա նույնպես հերքվել է: Փորձագետների եզրակացությամբ՝ ղեկին եղել է Սասունը, բայց նա, Արմենն ու Միրանը թաքցնում են ճշմարտությունը:
Իր որդի Արենը եղել է վարորդի կողքի նստատեղին: Այդ մասին բոլորը գիտեն, այդ մասին ասել են վթարից հետո ողջ մնացածները, բայց նրանք արդեն ստում ու թաքցնում են ճշմարտությունը՝ ըստ տուժողի իրավահաջորդի: Ինքը լսել է, որ «Տոյոտան» ընթացել է շատ բարձր արագությամբ՝ 150 կմ/ժ: Պահանջում է «բացահայտել գործի իրական հանգամանքները, կայացնել արդարացի դատ և Սասուն Դ.-ին պատժել օրենքի ամբողջ խստությամբ»:
Տուժողի իրավահաջորդ Արտյոմ Ս.-ն՝ վթարի ժամանակ մահացած Դավիթի հայրը, նշել է, որ իր իմանալով՝ «Տոյոտան» ընթացել է շատ բարձր արագությամբ՝ 180 կմ/ժ: Նա կարծիք է հայտնել, թե Սասուն Դ.-ն վթարի համար այնքան էլ մեղավոր չէ, մեղավորը եղել է «Տոյոտայի» վարորդը, իր պահանջը նրանից է…
«Տոյոտայի» վարորդ Արամիկ Ա.-ն գործով վկայի կարգավիճակ ունի: Նա հայտնել է, թե ընթացել է 60-70 կմ/ժ արագությամբ՝ Վանաձոր-Դիլիջան ուղղությամբ: Նախքան Մարգահովիտ գյուղի արագաչափին հասնելը նկատել է դեպի Վանաձոր ընթացող բեռնատար: Նրան սկսել է վազանց կատարել «ՎԱԶ-21099» մեքենան, որն ընթանում էր մոտ 100 կմ/ժ արագությամբ: Այդ մեքենան տեսնելու պահին դրա ու իր մեքենայի հեռավորությունն արդեն մոտ 50-60 մետր էր: Դեպքը տեղի է ունեցել ակնթարթորեն, ինքը նույնիսկ չի հասցրել արգելակել մեքենան: «ՎԱԶ-21099»-ը դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս, ի՛ր ուղեմասում է բախվել իր մեքենային ու կողաշրջվել: Իմանալով, որ տուժողները Մարգահովիտ գյուղից են, ինքը վախեցել է նրանց հարազատներից, հեռացել է վթարի վայրից ու գնացել է ոստիկանություն:
Ըստ համալիր փորձաքննության եզրակացության՝ վթարի պահին «ՎԱԶ-21099» մեքենայի ղեկին գտնվել է Սասուն Դ.-ն: Դա հիմնավորվել է նրա՝ վարորդի նստատեղում գտնվողին բնորոշ մարմնական վնասվածքների, հագուստի վնասվածքների բնույթով…
«Տոյոտայի» վարորդ Արամիկ Ա.-ի, Սասուն Դ.-ի, ողջ մնացած տուժողների արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել…
Դատարանը հաստատված է համարել Սասուն Դ.-ի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, նրան դատապարտել է 8 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Դատարանը մասնակիորեն բավարարել է տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ի ներկայացրած քաղհայցի պահանջը՝ Սասուն Դ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժող Արենի հուղարկավորության ծախսերի հատուցում…
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վարդան Սուղյանը:
Ամբաստանյալ Սասուն Դ.-ն կալանքի տակ չէ, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Սասուն Դ.-ն տեղաշարժվում է հենակների օգնությամբ, նա հայտնեց, որ դեպքից հետո 15 օր գտնվել է «կոմայի մեջ», դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ: Ամբաստանյալի շահերի պաշտպանն էլ ասաց, որ իր պաշտպանյալը դեպքի պահին ստացել է բազմաթիվ ծանր վնասվածքներ, այդ թվում՝ գանգի հիմի, գանգուղեղային, նաև՝ փայծաղի պատռվածք: Նրա աջ ականջի լսողությունը «50 %-ով բացակայում է»:
Նիստի ընթացքում ամբաստանյալն անընդհատ խնդրում էր, որ դատավորները բարձր խոսեն՝ պատճառաբանելով, թե չի լսում:
Պաշտպան Վարդան Սուղյանը վերաքննիչ դատարանում ներկայացրեց իր բերած վերաքննիչ բողոքի հիմնավորումները:
Պաշտպանը մի քանի պահանջ էր ներառել իր բողոքում՝ ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Սասուն Դ.-ի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ կամ՝ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու, կամ, Սասուն Դ.-ին մեղավոր ճանաչելու դեպքում, դատավճիռը փոփոխել միայն պատժի մասով՝ մեղմացնել պատիժը, կիրառել պայմանական դատապարտություն և չազատազրկել իր պաշտպանյալին:
Պաշտպանը գործով ձեռք բերված ու դատական ակտի հիմքում դրված մի շարք ապացույցների անթույլատրելիության մասին խոսեց: Նա առաջին հերթին անդրադարձավ դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը՝ այն համարելով անթույլատրելի ապացույց, քանի որ փորձագետները չեն առանձնացրել, թե Սասուն Դ.-ի հագուստի ու հենց նրա ստացած կոնկրետ որ վնասվածքներն են, որոնք «բնորոշ են» ղեկի մոտ նստածին, և որոնց հիման վրա եզրակացրել են, թե ղեկի մոտ եղել է հատկապես Սասուն Դ.-ն:
Պաշտպանը նշեց, թե դատարանում չեն հետազոտվել ամբաստանյալի ու տուժողի վնասված հագուստները, որոնց հետազոտության հիման վրա փորձագետները եզրակացության են հանգել:
Դատարան հրավիրված ու հարցաքննված փորձագետների պատասխաններն էլ պաշտպանին չեն գոհացրել՝ նրա համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե կոնկրետ ո՞ր վնասվածքներն են՝ իր պաշտպանյալի մարմնի, նրա հագուստների, որոնց վրա հենվելով՝ փորձագետները նման եզրակացության են հանգել:
Դատարանի հարցին պաշտպանը պատասխանեց, որ ինքն առաջին ատյանի դատարանում չի միջնորդել, որ հետազոտվեն ամբաստանյալի ու տուժողների հագուստները՝ դա եղել է իր պաշտպանական տակտիկան:
Մեղադրող Ա. Պողոսյանն իր առարկության մեջ այս հարցին անդրադառնալով՝ նշեց, որ ամբաստանյալի և տուժողի հագուստները հետազոտել են փորձագետները, հանգել են եզրակացության, իսկ դատարանում կողմերը, այդ թվում՝ պաշտպանական կողմը, համաձայն են եղել, որ հագուստները համարվեն հետազոտված…
Համալիր, հանձնաժողովային փորձաքննության հիշյալ եզրակացությունը, պաշտպանի կարծիքով՝ կասկածելի է, ո՛չ համոզիչ, այդ պատճառով նա առաջին ատյանի դատարանում միջնորդել է կրկնակի համալիր փորձաքննություն նշանակել, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
Պաշտպանը նշեց, որ ի պատասխան իր հարցադրումների՝ առաջին ատյանի դատարանում նախագահողը նշել է, թե պատահարի ելակետային տվյալները դատարանը ոչ հավաստի չի համարել: Պաշտպանի կարծիքով՝ սրանով դատարանը ի հայտ է բերել իր կողմնակալությունը…
Պաշտպանի կարծիքով՝ անհիմն է Սասուն Դ.-ին առաջադրված մեղադրանքը, այն ապացուցված չէ:
Նախաքննության ու դատաքննության ընթացքում իր պաշտպանյալն ասել է, թե դեպքի օրվա իրադարձությունները, սկսած առավոտից, չի հիշում: Ողջ մնացած տուժողներն էլ դատարանում ասել են, թե չեն հիշում՝ դեպքի պահին ով էր ղեկի մոտ: Ճիշտ է, նախաքննության ընթացքում տուժող Միրանն ասել էր, թե ղեկին եղել է Սասունը, բայց դատարանում նույն տուժողն ասել է, թե չի հիշում և չգիտի, թե նախաքննության ժամանակ ինչու է նման ցուցմունք տվել…
Դատարանն արժանահավատ է համարել ողջ մնացած տուժողների նախաքննական ցուցմունքները և նշել է, թե դատարանում նրանք, հանդիսանալով Սասուն Դ.-ի ընկերները, փորձել են նրան առնել իրենց պաշտպանության տակ:
Ըստ պաշտպանի՝ դատարանը հստակ չի հիմնավորել, թե ինչո՞ւ է արժանահավատ համարել ողջ մնացած տուժողների՝ հատկապես նախաքննական ցուցմունքները:
Պաշտպանը նշեց, որ վթարված մեքենայի մեջ հայտնաբերված արյան հետքերից՝ Սասուն Դ.-ին հավանական պատկանող հետքերը չեն եղել վարորդի նստատեղի սահմաններում, այլ, օրինակ, եղել են հետևի դռան մոտ: Իսկ վարորդի նստատեղի վրա առկա են եղել ոչ միայն Սասուն Դ.-ի հագուստի մանրաթելերը: Վերջինիս հագուստի մանրաթելերից հայտնաբերվել են նաև հետևի նստատեղին…
Պաշտպանը անհամոզիչ, հակասական, նույնիսկ՝ «սուտ» համարելով «Տոյոտա Պրադոյի» վարորդի ցուցմունքները՝ ակնարկեց, որ նա հավանաբար «թաքցրել է» իր մեղավորությունը:
Մեղադրող Ա. Պողոսյանն իր առարկության ժամանակ այս հարցի վերաբերյալ նշեց, որ վթարային իրավիճակ ստեղծել է ոչ թե «Տոյոտան», այլ՝ «ՎԱԶ-21099» -ը, հենց ա՛յդ մեքենան է դուրս եկել հանդիպակաց ուղեմաս, որով ընթացող «Տոյոտան», ըստ փորձագիտական եզրակացության, արդեն տեխնիկական հնարավորություն չի ունեցել վթարը կանխելու: «Տոյոտայի» վարորդը մեքենան փորձել է թեքել դեպի կողնակ, բայց, միևնույն է, չի կարողացել խուսափել ճակատ ճակատի բախումից… Մեղադրողն ընդգծեց՝ պատահարի հանգամանքները բացահայտված են, դրանք կասկած չեն հարուցում, և անհասկանալի է, թե պաշտպանն ինչու է վերաքննիչ դատարանում ակնարկում «Տոյոտայի» վարորդի ենթադրյալ մեղավորության մասին:
Պաշտպանը նշեց, որ վթարված մեքենայում՝ վարորդի նստատեղի տակ հայտնաբերվել է սպորտային կոշիկ, որը Սասուն Դ.-ինը չի եղել: Նախաքննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե ում կոշիկն էր, չէ՞ որ այդ հարցը պարզելով՝ միգուցե պարզեին նաև, թե իրականում ով է եղել մեքենայի ղեկին:
Մեղադրողն իր առարկության մեջ այս և պաշտպանի բարձրացրած համանման հարցերի վերաբերյալ ասաց, թե առաջին ատյանի դատարանում փորձագետները հստակ բացատրեցին, որ այնպիսի պատահարի ժամանակ, որը տվյալ դեպում է եղել, մեքենայի մեջ գտնվողները, իներցիայի ուժով, վերածվում են, ասես, գնդակի, վարորդը կարող էր հայտնվել մեքենայի ցանկացած հատվածում… Փորձագետները Սասուն Դ.-ի մարմնական ու հագուստի վնասվածքների համակցությունը դիտարկելով են եզրակացրել, որ հենց նա է եղել ղեկի մոտ: Մյուս տուժողներից ոչ մեկի հագուստների ու մարմնի վնասվածքներում այդպիսի համակցություն չի եղել՝ ասաց մեղադրող Պողոսյանը…
Պաշտպան Սուղյանն ընդգծեց, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չէին՝ Սասուն Դ.-ի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու համար, հաղթահարված չէ նրա անմեղության կանխավարկածը, ահա թե ինչու՝ իր կարծիքով Սասուն Դ.-ի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատական ակտ:
Եթե վերաքննիչ դատարանը եզրակացնի, որ Սասուն Դ.-ն, այնուամենայնիվ, մեղավոր է, պաշտպանը խնդրեց ակնհայտ խիստ պատիժը մեղմացնել, հաշվի առնել մեղմացնող հանգամանքները, մասնավորապես, որ Սասուն Դ.-ն պատահարի արդյունքում հաշմանդամ է դարձել, նրա ընտանիքը ծանր նյութական վիճակում է, նա առաջին անգամ է դատվում…
Պաշտպանի կարծիքով՝ Սասուն Դ.-ի նկատմամբ ոչ միայն ավելի մեղմ պատիժ պիտի սահմանվեր, այլև պիտի կիրառվեր պայմանական դատապարտություն, որպեսզի նա չազատազրկվի, քանի որ նրա ուղղումը հնարավոր է՝ առանց հասարակությունից մեկուսացնելու:
Ամբաստանյալ Սասուն Դ.-ն կրկնեց իր նույն միտքը՝ ինքը ոչինչ չի հիշում, բայց եթե դատարանը հաստատված կգնահատի իր մեղքը, ինքը զղջում է ու պատրաստ է կրելու պատիժը. «Ես իմ ընկերների հետ եմ եղել, եթե մեղավոր եմ՝ պատրաստ եմ պատիժ կրել»:
Ամբաստանյալի խոսքերը հունից հանեցին տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ին, նա բացականչեց. «Դու ողջ ես մնացել, իսկ իմ որդին չկա…»:
Մեղադրող դատախազը, ներկայացնելով իր առարկությունները, որոնց հընթացս անդրադարձա, նշեց, որ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքն անհիմն է, պետք է մերժվի, և պետք է անփոփոխ թողնվի առաջին ատյանի դատարանի դատական ակտը:
Տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ի ներկայացուցիչ Լիլիթ Ներսիսյանը դիրքորոշում հայտնեց. «Այն պատիժը, որ սահմանվել է Սասուն Դ.-ի նկատմամբ, դեռ հոդվածի տվյալ մասով նախատեսված առավելագույն պատիժը չէ, բայց մենք ավելի խիստ պատիժ չենք պահանջում, պահանջում ենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվի անփոփոխ»:
Տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ն՝ մահացած Արենի մայրը, զգացմունքային ելույթ ունեցավ. «Պատահարի օրը պայծառ, լուսավոր օր էր, պատահարը գյուղի տարածքում է եղել, մարդիկ ճանաչում էին տուժողներին՝ մահացածներին ու ողջ մնացածներին… Ամբաստանյալը մինչև վերջ պնդում է, թե հիշություն չունի: Բա մնացածի՞ հիշողությունը: Պատահարից ողջ մնացածները չէ՞ որ ականատեսներ են, նրանց ոտք-ձեռքն է վնասվել, հիշողության խնդիրներ պիտի չունենան…»:
Տուժողի իրավահաջորդը հիշատակեց ողջ մնացած տուժողների նախաքննական ցուցմունքները, որտեղ նշել են, որ ղեկին եղել է Սասունը: Բացի այդ, դեպքից անմիջապես հետո այն համագյուղացիները, որ գնացել են դեպքի վայր, իրենց տուն են եկել ու ասել, որ ղեկին եղել է Սասունը:
«Մեքենայից ամենավերջում հանել են իմ տղային, նրա նստած տեղը ֆիքսված է… Իմ տղան թիկնեղ, սպորտային արտաքինով տղա էր, մարդիկ չէին շփոթի Սասունի ճիվաղ արտաքինի հետ… Ես ուզում եմ, որ իրա դատը ես անեմ… Չգիտեմ՝ որտեղից ա ինքը էսքան պաշտպանված, դեպքից երկու շաբաթ առաջ էլ ծեծկռտուքի էր մասնակցել… Երեք հոգու կյանք խլելուց հետո իրա համար լա՞վ է ապրելը… Սա դեռ իրավական պատիժն է, ես սպասում եմ մե՛ծ պատժին… Ակնկալում եմ արդար դատ, որ ինքը հասկանա՝ անպատժելի չէ… Ես կորցրել եմ իմ կյանքի իմաստը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել…»,- այսպես եզրափակեց իր ելույթը տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ն՝ պահանջելով, որ վերաքննիչ դատարանը մերժի պաշտպանի բողոքն ու անփոփոխ թողնի առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Մյուս տուժողի՝ Էմիլի իրավահաջորդը՝ նրա քույր Մարիամը, ամբաստանյալի նկատմամբ ավելի մեղմ էր տրամադրված. «Ես Սասուն Դ.-ին էնքան էլ մեղավոր չեմ համարում…»: Տուժողի ա՛յս իրավահաջորդի կարծիքով՝ մեղավոր կարող էր լինել «Տոյոտա Պրադոյի» վարորդը, ընդ որում՝ կասկած հայտնվեց, թե վերջինս մեքենայում մենակ չի եղել՝ չնայած անհասկանալի մնաց, թե այդ հանգամանքը բուն վթարի հետ ինչ կապ կարող էր ունենալ տվյալ դեպքում…
Տուժողի իրավահաջորդը նշեց, թե պաշտպանի բողոքի վերաբերյալ դիրքորոշում չունի:
Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց որոշումը՝ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 8 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:
Սասուն Դ.-ն փաստացի կալանքի տակ կառնվի, երբ դատական ակտերը օրինական ուժի մեջ մտնեն:
Նյութի աղբյուրը՝ 1in.am