Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք և մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր, գրություններ ու պահանջներ ենք ստանում Արցախում ռոումինգի վերաբերյալ։ Նշենք, որ հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերծանրաբեռնվածության պայմաններում այս հնարավորությունը ևս վտանգված է։
Հայաստանյան օպերատորների և Արցախի օպերատորի հնարավորություններն ու բաժանորդների քանակն անհամեմատելի են։ Ղարաբաղ Տելեկոմի կողմից զանգերի սպասարկումը դժվարացել է նաև այն պատճառով, որ նշանառության տակ են առնվել Արցախի միակ օպերատորի ցանցային ենթակառուցվածքը և մեր տվյալներով պատճառել այնպիսի վնաս, որի վերականգնումը պահանջում է ժամանակ, ինչպես նաև մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ։
Խնդիրը բարձրաձայնողների մղումներն ազնիվ են ու հասկանալի: Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ Ղարաբաղ Տելեկոմի ցանցի գոյությունը և պահպանումը ոչ մի պարագայում չի կարելի վտանգել։