00:00:00

ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության կառույցների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները

19:58, 22 սեպտեմբեր 2020

 Հայկական կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև: Սերգեյ Դանկվերտը, ողջունելով նախաձեռնությունը, նախ շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն ու շարունակական զարգացում: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտրական ենթահսկման բեռների նկատմամբ հավաստագրերի ներկայացման և Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես, պանրի, արտահանման հետ կապված իրադրությունը: Գոհունակությամբ շեշտվել է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը 2019թ. 5400 տոննայի համեմատ 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննա, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. Եվրասիական միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները: Նշված հարցերի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմանները սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հարաբերությունները և ավելացնել շփումների պարբերականությունը: Կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում կստեղծվեն բարենպաստ պայմաններ ոչ հեռավար հանդիպման համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր