00:00:00

Անցած գիշեր 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք. «Լիդիան»

14:38, 31 օգոստոս 2020

Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն  անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք՝ Սարավան համայնքի կողմից` քարեր շպրտելով տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ։ Կից տեսանյութից ակնհայտ է, որ նման ագրեսիայի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «Լիդիանը» ընդամենը երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու համար մոտ 500 դիմում է ստացել, հիմնականում՝ շրջակա համայնքների բնակիչներից։ Ավելին՝ ապօրինություն իրականացնողները համայնքի հարյուրավոր բնակիչներին փաստացի սպառնում են «ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ»: Գիշերվա ընթացքում խմբավորումը ճամփեզրին՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, տեղակայել է ոստիկանության կողմից տարածքից հեռացված իրենց ապօրինի վագոն-տնակը (կից` լուսանկարը)։ Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ այս անգամ ևս համայնքի հանդեպ ագրեսիան, այս խմբավորումը արդարացնում է «Լիդիանի» պահնորդական ծառայության փոփոխությամբ։ Ընկերությունը կարող է փոխել սեփական պահնորդական ծառայությունն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կհամարի։ Այսօր Ամուլսարի տարածքում արդեն աշխատում են համայնքների տասնյակ բնակիչներ (տես՝ տեսանյութը)։ Նրանց անվտանգության պաշտպանության համար «Լիդիանը» ներգրավելու է օրենքի սահմաններում բոլոր միջոցներն և այն կազմակերպություններին, որոնց նպատակահարմար կգտնի։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անմիջապես հետաքննել աշխատակիցների ու համայնքի բնակիչների հասցեին հնչեցրած սպառնալիքները և անհապաղ տարածքից հեռացնել ապօրինի վագոն տնակը, այլապես «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դա կանի ինքնուրույն։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր