00:00:00

Դատարանը Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի գործով վճռեց՝ դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման և արգելել պաշտոնավարումը

16:53, 27 հուլիս 2020 Իրավական

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2004 թ., հանդիսանալով Շիրակի մարզի Մարալիկ համայնքի, այնուհետև 2017թ. Անի խոշորացված համայնքի ղեկավարը, ՀՀ օրենքի համաձայն՝ իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, իրավասու լինելով ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները՝ ապահովել դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի՝ համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը և համայնքապետարանի երկու աշխատակիցները վատնելու եղանակով հափշտակել են չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ հաշվարկված և վճարված մոտ 650 հազար դրամ: Ըստ Գևորգյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի՝ վարորդը զուգահեռ աշխատել է նաև հերթափոխով դատական կարգադրիչների ծառայությունում և երեք օրը մեկ կամ չորս օրը մեկ հերթապահություն է եղել, որից էլ ենթադրում են, որ այդ օրը գործի չի եկել, բայց հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ։ Այսինքն՝ ամսական դա կազմում է 10 հազար դրամ, հինգ տարվա մեջ 600 հազարից ավելի դրամ: Պաշտպանական կողմը բողոքարկել է մեղադրական կողմը:
 «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ այսօր տեղի ունեցավ հերթական նիստը, որի ժամանակ դատարանը իրենց առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչեց համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին, Քրիստինե Սեդրակի Մկոյանին և Արտեմ Հովհաննեսի Մանուկյանին: Արտակ Գևորգյանը դատապարտվեց 2 տարի 6 ամսվա ազատազրկման և համայնքի ղեկավարի պաշտոնից հեռացման: Ըստ դատական վճռի՝ Արտակ Գևորգյանը զրկվում է 3 տարի որևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Արտակ Գևորգյանը և մյուսների դատավճիռը համաներմամբ չի կիրառվի: Գևորգյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատական վճիռը ստանալուն պես այն բողոքարկելու են։ «Միանշանակ բողոքարկելու ենք։ Այս պահին որպես իրավաբան զերծ կմնամ գնահատականներ տալուց, քանի որ դեռ չունեմ դատավճիռն ու հիմնավորումներին ծանոթ չեմ։ Բայց քանի որ ծանոթ եմ քրեական գործի նյութերին, չեմ կարող պատկերացնել, թե ինչը կարող էր հիմք ընդունել դատարանը դատավճիռ կայացնելիս»,- ասաց պաշտպանը։ Խոսելով դատարանի կողմից պաշտոնավարման արգելքի մասին՝ Հայրապետյանն ասաց՝ դատարանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ անձին չէր կարող զրկել ընտրվելու իրավունքից։ «Դատարանը չի կարող ասել՝ արգելում եմ անձին համայնքի ղեկավար ընտրվել։ Սա հակասահմանադրական է։ Այստեղ սահմանադրական նորմի ապօրինի կիրառման հետևանք է։ Երբ նայում ենք ամբողջ քրեական գործը, նպատակը պարզ է՝ բացառապես քաղաքապետի պաշտոնն է»,- ասաց Անի համայնքի ղեկավարի պաշտպանը։ Պաշտպանը նշեց, որ Արտակ Գևորգյանը շարունակելու է պաշտոնավարել՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Իսկ իրենք ունեն վճիռը բողոքարկելու մեկամսյա ժամկետ։ Նշենք, որ տևական ժամանակ Անի համայնքի բնակիչները բողոքում էին համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանից՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Մարալիկ համայնքի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնել են Արտակ Գևորգյանի ապօրինությունների, չարաշահումների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր