2019 թ. նոյեմբերի 28-ին ՌԴ-ում պայթյունի հետեւանքով մահացած Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի գործով նոր զարգացումներ են եղել: ՌԴ Ստավրոպոլ երկրամասի քննչական կոմիտեից ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ նախաքննությունն ավարտվել է, ավելին՝ հարուցված քրեական գործով անգամ դատապարտյալ կա: ՌԴ քննչական կոմիտեից մասնավորապես մեզ հայտնել են, որ Ստավրոպոլ երկրամասի դատարանը այդ գործում մեղավոր է ճանաչել «Պյատիգորսկգազ» ընկերության փականագործ Կարեն Միշինին: Նա զբաղվել է Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Բորոդինսկոյե պիվո «Սյուրպրիզ» ՍՊԸ մասնավոր գարեջրագործարան գազիֆիկացմամբ, որտեղ էլ 2019 թ. նոյեմբերի 28-ին պայթյունից մահացել են Աշոտ Կարապետյանը եւ նրա մորեղբայրը՝ հիշյալ գործարանի տնօրեն Տիգրան Տարփոշյանը:
«Նախաքննության եւ դատարանի կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ Կ. Միշինը իրեն ծանոթ ոմն տղամարդու խնդրանքով իրականացրել է հիշյալ գարեջրատան գազիֆիկացումը՝ տեղյակ լինելով հանդերձ, որ այդ տարածքը գազիֆիկացնելու եւ տեխնիկական սպասարկման ենթարկելու պայմանագիր «Պյատիգորսկգազ» ընկերության հետ կնքված չէ, եւ իր գործողությունները հակասում են օրենքի պահանջին: Փականագործը աշխատանքը ավարտելուց հետո չի իրականացրել արտաքին եւ ներքին գազատարների փորձնական ճնշում եւ խախտելով անվտանգության ընդունված կանոնները, բաց է թողել գազի հոսքը դեպի շենք: Նրա անզգույշ գործողությունների արդյունքում հետագայում տեղի է ունեցել գազի հոսք գարեջրատան տարածք, ինչն էլ պատճառ է հանդիսացել պայթյունի, որի հետեւանքով մահացել են երկու մարդ»,- ասված է ՌԴ Ստավրոպոլ երկրամասի քննչական կոմիտեի պատասխանում:
Այսպիսով՝ Կարեն Միշինին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 109 հոդվածի 3-րդ մասի չափանիշներով (երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը): Ստավրոպոլի դատարանը մեղավոր է ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 1 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով:
Ավելի վաղ գրել էինք, որ ՌԴ դաշնային պետռեգիստրում նշված է, որ պայթյունի հետեւանքով մահացած Աշոտ Կարապետյանի մորեղբայրը՝ Տիգրան Տարփոշյանը գրանցվել է որպես «Բորոդինսկոյե պիվո «Սյուրպրիզ» ՍՊԸ-ի տնօրեն տեղի ունեցած դեպքից ընդամենը երկու օր առաջ՝ նոյեմբերի 26-ին, փոխարինելով նախկին տնօրեն Միհրանյան Պատվականին: «Բորոդինսկոյե պիվո «Սյուրպրիզ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թ. նոյեմբերի 15-ին՝ Գասպարյան Արմեն անուն ազգանունով անձի կողմից: 2019 թ. դեկտեմբերի 27-ից ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսանում Փափախչյան Ամելիան:
Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը համակարգում աշխատում էր 1995 թվականից: Նա պաշտոնից ազատվեց 2016 թ. Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա