00:00:00

Որքա՞ն պետք է կառավարությունը «ջայլամի» նման թաքնվի. Ամուլսարի հարցը պետք է լուծում ստանա

18:42, 23 հուլիս 2020

Երեկ լրատվամիջոցներով տարածվեց Ամուլսարի հարակից համայնքների հազարից ավելի բնակիչների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի բովանդակությունը։ Դեռեւս 2020 հունիսի սկզբին բնակիչները նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների շրջափակումից ի վեր շրջակա համայնքների, տարածաշրջանի բնակիչները զրկված են եկամտի աղբյուրից, համայնքները դատարկվում են։ Երկու տարի այս համայնքներում ապարդյուն սպասում են կառավարության միջամտությանը։ Շուրջ մեկ ամիս է անցել, սակայն կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել բաց նամակին։ Առհասարակ հեղափոխված իշխանության լռությունը Ամուլսարի հարցի շուրջ անտրամաբանական է, եւ որեւէ տեղ չի տանում։ Գոնե գործնականորեն իշխանությունը չունեցավ իրեն ու հասարակությանը հուզող գլխավոր հարցի պատասխանը, ինչու՞ չպետք է շահագործվի Ամուլսարը, և կամ հակառակը։ Բայց ակնհայտ է, որ հանքի աշխատանքն իր տնտեսական ձեռքբերումների առումով ավելի արդարացված է, քան էկոլոգիական չապացուցված վնասների պատճառով այն չգործարկելը։ Ի վերջո, աշխարհում գոյություն ունեն հանքարդյունաբերության բացասական hետևանքները մեղմելու, չեզոքացնելու և վերացնելու կամ առնվազն փոխհատուցելու արդեն մշակված մեխանիզմներ, որոնք կիրառվում են զարգացած երկրներում և օգուտը հանքից տասնապատիկ ավելի մեծ է լինում, քան հնարավոր վնասը։ Որքա՞ն պետք է կառավարությունը «ջայլամի» նման թաքնվի, ժամանակն է պատասխանել հարցերին ՝ կամ այդ հանքը պետք է փակվի՝ հիմնավորմամբ, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում, ընդ որում այդ հիմնավորումը պետք է լինի այնքան ամուր, որ հաղթի միջազգային արբիտրաժում։ Երկրորդ տարբերակը. հանքը պետք է փակվի ու կառավարությունը պետք է պատրաստ լինի պարտվել արբիտրաժում ու դուրս գալ այդ խնդրի տակից։ Երրորդ ճանապարհը , խիստ վերահսկողությամբ, հանքն աշխատացնելն է՝ աշխատատղերի ստեղծման, բյուջեի համալրման, համայնքի զարգացման ծրագրերի իրկանացման հեռանկարով։ Սրանք են հնարավոր զարգացումները, այլ տարբերակ ուղղակի չկա։ Դուրս եկեք ավազից, գնացեք սար, գնացեք ձոր որոշում կայացրեք, քանի որ արդեն ունեք դրա իրավասությունը։ Համայնքը զորավոր է, համայնքը չի ընդունում ․ հայտնի ֆիլմի այս հայտնի արտահայտությունը ուղղակի հնարավոր չէ չհիշել, երբ լրատվամիջոցներում հայտնվում է այս կամ այն համայնքի տրամադրության մասին միակողմանի կարծիք; Այո, միանշանակ, համայնքը զորավոր է և չի ընդունում անբարոյականություն, միանշանակ՝ չի ընդունում, բայց անբարոյականություն է նաև դեմագոգիան, սովի և հուսահաատության մատնվող մարդկանց անունը շահարկելը, նրանց ահաբեկելը՝ տարբեր անգրագետ վտանգներով ու նրանց թիրախավորելը՝ այլ կարծիքի համար, և, վերջապես այդ բոլոր մանիպոիլյացիաների արդյունքում՝ վաստակելը։ Բնապահպանական մտահոգությունները հարգելով և խստագույն վերահսկողություն պահանջելով՝ Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական, քիմիական, ատոմային ու այլ պոտենցիալ վտանգավոր ձեռնարկությունների նկատմամբ, նաև չեմ կարող հավատալ, որ մարդիկ մերժում են ոսկու հանքարդյունաբերությունը, որովհետև նրանք դեմ են ցանկացած տիպի նոր հանքին Հայաստանում։ Մերժում են, որովհետև այդ համայնքի բոլոր բնակիչները մոլեռանդ բնապահպաններ են և ուրեմն՝ ոչ ոք չի ուզում աշխատատեղ ունենալ արտասահմանյան լավագույն չափանիշներով աշխատող ընկերությունում, օգտվել տարբեր տեսակի ապահովագրություններց, կրթական, բիզնես ու զարգացման տարբեր ծրագրերից։ Լիդիանի առաջարկած 1500 աշխատատեղերը՝ աղքատ, իսկ ներկայումս արդեն չքավոր դարձող բնակչությունը մեջ ոչ մեկին չի գայթակղում ու հետաքրքրում։ Մինչդեռ, իհարկե, այդպես չէ։ Կարելի է գնալ համայնք զրուցել մարդկանց հետ, ովքեր ոչ մի ակնկալիք էլ չունեն, և, քանի որ լսել են արդեն շատ վատ բաներ, ուղղակի դեմ են հանքի շահագործմանը։ Բայց, անշուշտ, հնարավոր է նաև հանդիպել մարդկանց, ովքեր աշխատել են հանքում, շատ լավ տեղյակ են, թե ինչ հնարավոր վտանգներ կան, գիտեն՝ ինչպես է հնարավոր այդ վտանգները չեզոքացնել, ուստի և հիմա մտահոգված են միայն իրենց կորցած աշխատատեղով ու և կորցրած հնարավորություններով։ Այս երկու տեսակի մարդիկ ապրում են երկու զուգահեռ իրականություններում, ով գնում է հանքի փակմանն աջակցելու՝ տեսնում է միայն բողոքողներին, ով գնում է գործն ու ապրուստը կորցարծ մարդուն լսելու՝ գտնում է նրան։ Եվ ինչ-որ մի տեղ այդ զուգահեռ իրականությունները հատվում են,ու դա հենց այն է, որ կոչվում է դաժան իրականություն։ Տուրիզմով ու արտագնա աշխատանքով ապրող համայնքում այսօր շատ դժվար է մարդկանց վախեցնել որևէ այլ բանով, քան դուռը ծեծող վարկերն ու պարտքերն են; Նրանք, ցավոք, այն վիճակում չեն, որ հավատան, թե 100 տարի հետո հանքի շահագործումից առաջանալու են թթվային ջրեր ու աղտոտելու են առանց այդ էլ լիովին ամուլ, անբերրի սարի լանջերը։ Նրանք ավելի շուտ կհավատան, որ կա ելք, հնարավոր է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ ու ապագայի այդ վտանգները չեզոքացնել, երևի կա՛ ելք՝ այսօր սովից չմեռնելու համար։ Կորոնավիրուսն իր դաժան դաստիարակչական մեթոդներով մարդկանց ստիպում է զգուշանալ, լվացվել, հեռու մնալ հիվանդներից, հեռու մնալ կեղծ վտանգներ տարածողներից։ Նաև բացում է մարդկանց աչքերը՝ տուրիզմի ոլորտն այսօր շահութաբեր չէ, այս սարի շրջակա համայնքները գյուղատնտեսական առումով շահութաբեր չեն, և, եթե իրենց սարում ոսկի կա, ուրմեն հիմա հենց ճիշտ ժամանակն է դա հանելու համար։ Ընդ որում, հանքարդյունաբերությունը իր կողքին ստեղծում է բազմաթիվ այլ ոլորտներ, իսկ նորմալ ընկերությունները պարտավոր են ամեն կերպ նպաստել հարակից համայնքների զարգացմանը։ Կառավարությունը պետք է վերջապես հասկանա՝ ինչ է իրենց պետք և ինչ է պետք համայնքին։ Ձգձգելով հարցի լուծումն, այն դարձրել են քրոնիկ և ուղեկցող կորոնավիրուսի պայմաններում՝ անելանելի։ Արդյունքն այն է, որ համայնքում այսօր զբաղված են, ուստի նաև ապահովված եկամուտով, միայն մի խումբ մարդիկ, ովքեր կանգնած են հանքի ճանապարհին։ Մյուսները՝ պոտենցիալ աշխատակիցները, բիզնես ստեղծողները, հանքից պատվերներ ստացողները , սոցիալական ծրագրերի շահառուները, ծառայություններ մատուցողները՝ բոլորը, մնացել են առանց աշխատանքի և առանց ապրուստի միջոցի։ Նրանք, ովքեր վաղուց արդեն հետաքրքված էին այս բիզնեսի տապալման ուղղությամբ, ավելի հեշտ խնդիր ունեն ՝ շահագրգռել մի քանի երիտասարդի, ու հասնել հաջողության։ Հանքատերերը խնդիր ունեն շահագրգռել ամբողջ համայնքին, կառավարությանն ու հանրությանը, այսպիսի մասշտաբում հաջողության հասնել գուցե հնարավոր է, բայց շատ ու շատ ավելի դժվար։ Եվ ով է դատում, ով է որոշում, ով է ի վերջո տեր կանգնում այս իրավիճակին ու այս հանրությանը․ զուգահեռ իրականությունների հատման կետում, կարծես, բոլորը խուսափում են պատասխանատվությունից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր