Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ իրենց վրա սևեռեցին հասարակության ուշադրությունը, ու շատ քչերն են տեղյակ, որ հուլիսի 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ` «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներն ընդդեմ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով... Դատարան դիմածներից որևէ մեկը չէր բարեհաճել ներկայանալ նիստին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ արվում է սևազգեստ կանանց բերանը փակելու համար, որոնք որոշ ժամանակ առաջ հանդգնել էին պահանջել վարչապետից, որ վերջինս ևս գումարային փոխհատուցում տրամադրի այն բոլոր ընտանիքներին, որոնց անդամները զոհվել են մեր հայրենիքի սահմաններն անվտանգ պահելու համար, ինչպես Նիկոլն արեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի և վիրավորների հարազատների պահով... Սակայն, երբ սևազգեստ կանայք սկսեցին պահանջներ ներկայացնել Նիկոլին, վերջինս սկսեց նրանց թիկունքում ինչ-որ ուժերի ման գալ, իսկ հետո էլ այդ կանանց դեմ դուրս եկան «Մարտի 1»-ի զոհերի հարազատները, որոնք վիրավորվել են մի բանից, որի վերաբերյալ, որքան գիտեմ, դատական որոշում կա...
Ի սկզբանե, խիստ կասկածելի եմ համարել, որ Նիկոլը պետբյուջեի հաշվին փոխհատուցեց «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին և վիրավորներին, այն դեպքում, երբ այդ փոխհատուցումը պետք է տրամադրեին այն անձինք, որոնք մեղավոր են այդ ամենի համար, այլ ոչ թե պետությունը... Այնպիսի տպավորություն էր, որ այդ փոխհատուցումը տարրական կաշառք էր «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, որոնք պետք է իշխանական սցենարի համաձայն` ինչ-որ քայլեր ձեռնարկեին...
Օրինակ՝ ակտիվ մասնակցեին, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ դատական նիստերին այն դեպքում, երբ այդ դատական գործընթացը որևէ կապ չունի իրենց հարազատների զոհվելու գործի հետ և դատախազության կողմից որևէ մեղադրյալ մարդասպանության մեջ չի էլ կասկածվում... Հիմա հարց. ինչո՞ւ են «Մարտի 1»-ի զոհերի հարազատներից ոմանք մասնակցում այդ դատական գործընթացին, եթե այդտեղ իրենց հարազատների մահվան համար որևէ մեկը չի մեղադրվում... Չխախտելով անմեղության կանխավարկածը` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանի և մյուսների դեմ դատական նիստերին մասնակցելով` այդ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում Նիկոլին...