00:00:00

Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ

20:03, 13 հուլիս 2020 Իրավական

ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2020թ. հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից իր անձնական դիմումի հիման վրա ազատված Արմեն Հարությունյանին՝ համակարգում ունեցած ներդրման, կատարած բարեխիղճ, արդյունավետ մեծ ծավալի աշխատանքի համար: Գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ նա այլ կարգավիճակով կշարունակի իր հարուստ փորձը, գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները ծառայեցնել դատախազական համակարգին եւ իր նպաստը բերել երկրում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման հայրենանվեր գործին: Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երեւան քաղաքում: 1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում: 2000-2007թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, սկզբում` Էրեբունու քննչական բաժնում որպես քննիչ, այնուհետեւ Կենտրոնի քննչական բաժնում որպես ավագ քննիչ: 2007թ.-ից ՀՀ դատախազության համակարգում է՝ նախ որպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա նույն դատախազության դատախազ, այնուհետեւ դատախազության ավագ դատախազ: 2008-2012թ. զբաղեցրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը: 2012թ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, իսկ 2013թ. նշանակվել է նախ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ, ապա՝ Սյունիքի մարզի դատախազ: 2016-2019թթ եղել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: 1999-2001թթ. դասավանդել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում: Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է: Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր