ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, հայտարարաված արտակարգ դրությամբ պայմանավորված, ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնների պահպանման նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են առանց պաշտպանիչ դիմակի քաղաքացու, մոտեցել են վերջինիս եւ պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ դիմակ չկրելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Քաղաքացին հայտնել է, որ չունի անձը հաստատող փաստաթուղթ եւ փորձել է հեռանալ՝ չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների՝ մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը նշված վայրում մնալու՝ նրանց օրինական պահանջներին: