ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստացած է, որ աշնանը կորոնավիրուսի հնարավոր բռնկումը կարող է խանգարել նրա վերընտրությանը, գրում է Washington Post-ը՝ ամերիկյան առաջնորդի խորհրդականներին հղումով:
Ըստ նրանց, Թրամփն այժմ «մռայլ է և ցնցված» իր անկում ապրող ժողովրդականության պատճառով:
«Մասնավոր զրույցներում նա փորձում էր հասկանալ, թե ինչպես կտրուկ փոխվեց իր ճակատագիրը. համոզմունքից, որ նա վերընտրվելու ճանապարհին է, մինչև գիտակցումը, որ գրեթե բոլոր հարցումներում, ներառյալ նրա շտաբի ներքին հարցումները, պարտվում է հավանական դեմոկրատ թեկնածուին, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին»,- գրում է պարբերականը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականներին հղումով:
Ըստ վարկանիշների մեծամասնության տվյալների, ապրիլին Բայդենը գերազանցում էր Թրամփին միջինը 6%-ով (48% ընդդեմ 42%-ի), ինչն արտացոլում է դեմոկրատների առավելությունը հանրապետականների նկատմամբ:
Ըստ Washington Post-ի, Թրամփը ցանկանում է նախընտրական քարոզարշավի շրջանակում վերսկսել իր համախոհների հանրահավաքներն արդեն հունիսին, և նրա թիմը սկսել է քննարկել դրանք կազմակերպելու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատների ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: