ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են էական հարաբերակցական կապ կորոնավիրուսից բարձր մահացության և վիտամին D-ի պակասի միջև։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի աշխարհամասերի հիվանդանոցների վիճակագրության վրա հիմնված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ին ավելի շատ բախված երկրների, օրինակ, Իտալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից պացիենտների մոտ վիտամին D-ի պարունակությունը ցածր է այլ երկրներից պացիենտների համեմատ։
Նման եզրակացության ավելի վաղ հանգել են նաև Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցի հիմնադրամի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները։ Նրանց դիտարկումները հիմնված էին եվրոպական 20 երկրների բնակիչների արյան մեջ վիտամին D-ի միջին պարունակության համադրության վրա։