00:00:00

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

22:54, 10 ապրիլ 2018 Լեռնային Ղարաբաղ

1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկն է։ Տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին Մարաղա, որտեղ մնացել էին 118 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված՝ իր դաժանությամբ աննախադեպ ռազմական հանցագործության արդյունքում սպանվեց ավելի քան 50 մարդ, մյուսները, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ վերցվեցին։ Նրանցից ոմանց հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Ավանը ազատագրվեց Արցախի զինված ուժերի կողմից, սակայն երկու շաբաթ անց կրկին գրոհի ենթարկվեց, իսկ իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհը դարձան։ Ավանի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ, առաջին հերթին, ուղղված էր նրա խաղաղ բնակչության ոչնչացմանը։ Մարաղայի ոճրագործությունը շարունակեց 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում հայկական ջարդերի ու տեղահանությունների շարքը, որոնց նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային ազատագրական պայքարը և զրկել իրենց հայրենիքից` Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության էթնիկ զտման և ահաբեկման ճանապարհով։ Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն, արմատավորման և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար։ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան, որը ուղեկցվում էր խաղաղ բնակչության և Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ պատերազմական հանցագործություններով, ցույց տվեց, որ ադրբեջանական կողմի մեթոդներն ու մոտեցումները մնացել են անփոփոխ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր