Նովոսիբիրսկի մարզում ոստիկանները ձերբակալել են 66-ամյա տեղացու, որի խորդանոցում հայտնաբերվել են մարմինների կտորներ, հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային Գլխավոր վարչությունից եւ ՌԴ ՔԿ Քննչական վարչությունից, փոխանցում է «ՄԿ»-ն:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ապրիլի 20-ին ոստիկանություն դիմում է ստացվել 36-ամյա տղամարդու կորելու մասին, որը գնացել էր ծանոթի մոտ: Ոստիկանները գնացել են նշված հասցեով եւ գտել տղամարդու հեծանիվը, որով նա գնացել էր: Տանտերն ասել է, որ հյուրն իր մոտից ոտքով է գնացել: Բայց իրավակարգի պահապանները չեն հավատացել եւ խուզարկություն են սկսել:
Խուզարկության ժամանակ բակում գտնվող խորդանոցում հայտնաբերվել են 2 մարդու մարմինների մնացորդներ, որոնք թաքցված էին հատակի տակ հողի մեջ: Փորձում են պարզել սպանվածների ինքնությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի կարծիքով՝ նրանք երեք տարի առաջ անհետացած տղամարդիկ են:
ՔԿ վարկածով՝ տղամարդկանց միջեւ վեճ է ծագել, որի ընթացքում տանտերը դանակով հարձակվել է հյուրի վրա եւ նրան բազմաթիվ հարվածներ հասցրել, որոնց հետեւանքով նա մահացել է: Նա մարմինը մասնատել է եւ թաքցրել: Հայտնի է, որ կասկածյալը 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1991 թվականին իր քրոջը սպանելու համար:
Telegram-ալիք 112-ը հայտնում է, որ կասկածյալին ստուգում են մարդակեր լինելու առումով: