00:00:00

Թրամփը հայտարարել է, որ նահանգապետերը միայն իր համաձայնությամբ կարող են հանել սանիտարական սահմանափակումները

18:04, 15 ապրիլ 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նահանգապետերը միայն իր համաձայնությամբ կարող են հանել սանիտարական սահմանափակումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկիրը բացելու պլանները շուտով կկազմվեն, մենք շուտով կտրամադրենք բոլոր նոր առաջարկությունները: Ես կխոսեմ բոլոր 50 նահանգապետերի հետ, - ասել է Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ: - Ես թույլ կտամ [վերացնել սահմանափակումները] յուրաքանչյուր կոնկրետ նահանգում: Այդ օրը շուտով կգա, քանի որ որոշ նահանգներում պայմանները զգալիորեն տարբերվում են մյուսներից»: Նա հավելել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սանիտարական սահմանափակումները կվերացվեն Միացյալ Նահանգների տարածքի մի մասում, հնարավոր է` մինչեւ մայիսի 1-ը: «Օրը շատ մոտ կլինի, քանի որ, ինչպես գիտեք, որոշ նահանգներ բոլորովին այլ պայմաններում են, քան մյուսները: Դա շատ-շատ մոտ կլինի: Միգուցե նույնիսկ` մինչեւ մայիսի 1-ը»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը: «Դա կլինի որոշ նահանգների համար: Իրականում, ավելի քան 20-ը [50 նահանգներից] ծայրահեղ լավ վիճակում են: Մենք կարծում ենք, որ կկարողանանք դրանք բավականին արագ բացել: Դրանց կհետեւեն մյուսները»,- նշեց Թրամփը: Բացի այդ, նա հստակեցրել է, որ դաշնային կառավարության կողմից կորոնավիրուսի բռնկման պատճառով կիրառված սահմանափակումների վերացման ուղիների եւ ժամկետների վերաբերյալ նահանգապետերի համար առաջարկությունների մշակումը գրեթե ավարտվել է: Թրամփի խոսքով` բոլոր 50 նահանգապետերի հետ իր հեռախոսային կոնֆերանսը կարող է կայանալ հինգշաբթի օրը: Թրամփը մարտի 29-ին հայտարարել էր սանիտարական սահմանափակումների` մինչեւ ապրիլի 30-ը երկարաձգման մասին: Դրանից առաջ այդ միջոցառումները հայտարարվել էին 15 օրով: Միացյալ Նահանգների տարածքում գործում են միայն անհրաժեշտ խանութներն ու դեղատները: Ռեստորաններն ու սրճարանները միայն առաքմամբ են գործում: Մարզադահլիճները, հանրախանութները, թանգարանները, ուսումնական հաստատությունները, կինոթատրոնները եւ թատրոնները եւս փակ են: Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում ԱՄՆ իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ պաշտոնական աղբյուրների զեկույցների հիման վրա, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 603 հազար դեպք, մահացել է ավելի քան 25 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր