00:00:00

Ճապոնիան կարող է յուրաքանչյուր քաղաքացու 930 դոլար հատկացնել

16:52, 15 ապրիլ 2020 Աշխարհ

Ճապոնիայի իշխանությունները կքննարկեն երկրի քաղաքացիներից յուրաքանչյուրին 100 հազար իենի (930 դոլար) չափով օգնություն տրամադրելու հնարավորությունը` գլոբալ կորոնավիրուսային պանդեմիայի եւ դրա արդյունքում տնտեսության վրա բացասական ազդեցության պայմաններում: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդո Սուգան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք մտադիր ենք քննարկել «Կոմեյտո» կուսակցության առաջնորդի առաջարկը` Ճապոնիայի յուրաքանչյուր քաղաքացու 100 հազար իեն հատկացնելու մասին: Այդ միջոցների համար գումար հատկացնելու հնարավորությունը մենք կքննարկենք, երբ հաստատվեն ընթացիկ տարվա բյուջեի փոփոխությունները»,- ասել է նա: Ընթացիկ ֆինանսական տարում Ճապոնիայի բյուջեն 102.66 տրիլիոն իեն (ներկայիս փոխարժեքով 947 միլիարդ դոլար) է կազմում: Ծախսային մասի հիմնական մասնաբաժինը կազմում են սոցիալական ապահովագրության համար հատկացվող գումարները: Ավելի վաղ, Ճապոնիան 108 տրիլիոն իենի (գրեթե 1 տրիլիոն դոլար) չափով տնտեսական օգնության փաթեթ  էր ընդունել` բիզնեսին եւ հասարակ ընտանիքներին աջակցության համար. այս գումարը հավասար է երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսին: Մասնավորապես, այս գումարի շրջանակներում նախատեսվում է մեկ ընտանիքի համար 300 հազար իեն (2.750 դոլար) հատկացնել, որի եկամուտները կամ ցածր են կամ վերջին ամիսներին ընկել են` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի եւ տնտեսական ակտիվության անկման պատճառով: Ներկայումս Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8.8 հազար հաստատված դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 174-ի: Այս վիճակագրության մեջ ներառված են Diamond Princess նավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները, որը մեկ ամիս է, ինչ կարանտինացված Յոկոհամայում: Ապրիլի 8-ից Տոկիոյում եւ դրան հարող Կանագավա, Սայթամա եւ Տիբա պրեֆեկտուրաներում, հարավարեւմտյան Հոնսյու կղզու Օսակա եւ Հյոգո պրեֆեկտուրաներում, Ֆուկուոկա պրեֆեկտուրայում արտակարգ դրություն էր հայտարարվել երկրի վարչապետ Սինձո Աբեյի կողմից: Ռեժիմը որեւէ խիստ սահմանափակիչ միջոցներ չի ենթադրում, սակայն, այնուամենայնիվ, շատ սոցիալական հաստատություններ եւ զվարճանքի օբյեկտներ փակվել են: Ավելի ուշ կենտրոնական Այթի պրեֆեկտուրայի իշխանությունները, որտեղ տեղակայված են ճապոնական խոշորագույն ընկերությունների բազմաթիվ գործարաններ, ինքնուրույն արտակարգ դրություն հայտարարեցին: Ավելի ուշ նույն քայլին գնացին նաեւ Իսիկավա եւ Ֆուկուի պրեֆեկտուրաների իշխանությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր