Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ողջ աշխարհում մահացածների թիվը գերազանցել է 110 000-ը: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Ըստ կայքի տվյալների՝ ողջ աշխարհում ապաքինվել է Covid-19 կորոնավիրուսով վարակված 411 921 մարդ: Համաճարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 1 795 747-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 273 821 մարդ:
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 20 000-ը, իսկ վարակվածներինը՝ կես միլիոնը, ինչպես նաև Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Չինաստանը: Իսպանիայում, թերևս, վերջին երկու օրվա ընթացքում մահվան նոր դեպքերը բավականին նվազել են՝ տատանվելով 200-400-ի սահմանում: Երկրի վարչապետը նախօրեին հայտնել էր համավարակի գագաթնակետը հաղթահարելու մասին:
Մեծ թվով վարակակիրներ ունեն նաև Գերմանիան, Թուրքիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Կանադան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ավստրիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: