Բուլղարիայի առողջապահության նախարարությունը նոր որոշում է կայացրել այն մասին, որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ապրիլի 12-26-ը երկրի բոլոր բնակիչները պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ հասարակական վայրերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են փակ կամ բաց հանրային տարածությունում, պետք է իրենց մոտ ունենան դեմքի համար մեկանգամյա կամ բազմանգամյա օգտագործման դիմակներ կամ այլ միջոցներ, որոնք փակում են քիթն ու բերանը»,-հայտարարվել է նախարարության կայքում:
Համաձայն որոշման, որն ուժի մեջ է մտել կիրակի եւ գործելու է մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ, դիմակները եւ քիթն ու բերանը ծածկող իրերը՝ ներառյալ բանդանաները, շալերը, շարֆերը, պետք է կրել այնպիսի վայրերում, ինչպես հասարակական տրանսպորտը, խանութները, այգիները, եկեղեցիները, մենաստանները, փողոցները, ավտոբուսային կանգառները եւ հանրային շահագործման համար նախատեսված այլ վայրերը:
Մարտի 13-ին Բուլղարիայի խորհրդարանը հաստատել էր կառավարության նախաձեռնությունը արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ մեկ ամիս տեւողությամբ: Ավելի վաղ երկրում COVID-19-ի կապակցությամբ արտակարգ դրությունը երկարացվել էր մինչեւ մայիսի 13-ը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում երկրում գրանցված է կորոնավիրուսային վարակի 648 դեպք, 62 մարդ առողջացել է, 26-ը՝ մահացել: