ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկեց «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի Գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից:
Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։
Փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ազգային տաճարում ս․թ․ մարտի 4-ին ժամը 19։30։ Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործությունը։
Համերգը կուղեկցվի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի մուլտիմեդիա նկարազարդումներով։ Միջոցառումներին Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:
Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:
Միջոցառումների մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ.
https://postclassical.com/performances/pomegranates/