00:00:00

«Ռեմ Մարդանյանի նմանները մեզ պատգամ թողեցին՝ երկիրը հանկարծ ուրիշին չթողնեք, տղերք»

16:42, 02 մարտ 2020

Փետրվարի 29-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, Գնդապետ Ռեմ Մարդանյանի /Ռեմբո/ հիշատակին: Գնդապետն այս տարի կնշեր իր 65-ամյակը, եթե չլիներ 2000 թվականի չարաբաստիկ ավտովթարը: Արդեն մի քանի տարի է, ինչ Ռեմ Մարդանյանի բարեկամներն ու հարազատները նրա ծննդավայրում՝ Գանձաքարում կազմակերպում են հիշատակի միջոցառում՝ գնդապետի մասին հիշողությունները, նրա՝ հայրենիքի նկատմամբ անձնվեր գործունեության մասին հուշերը համագյուղացիներին, հարազատներին, կրտսեր սերունդներին փոխանցելու համար: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, շախմատի ակադեմիայի և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված արագ շախմատի մրցաշարին մասնակցեցին մոտ հարյուր մասնակից Երևանից, Իջևանից, Վանաձորից, Գանձաքարից և այլ համայնքներից: Մինչ շախմատի մրցաշարի արդյունքների ամփոփումը Ռեմ Մարդանյանի զինակից ընկերները, հարազատները և այլ հրավիրյալներ այցելեցին Գնդապետի հուշարձան և ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի Օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ պատրաստության և փորձի փոխանակման բաժնի պետ գնդապետ Ստանիսլավ Երյոմինն իր ելույթում նշեց. «Ռեմ Մարդանյանի հետ ծանոթացել եմ մարտի դաշտում: Զինվորի կյանքն իր համար առաջնահերթ էր. ինքն իր վրա էր վերցնում առաջին հարվածը: Միշտ կանգնած է եղել շարքային զինվորի կողքին, թեժ մարտերի ժամանակ քայլել է զինվորից առաջ ու առաջինը դուրս եկել մարտի դաշտ»: Մարտական ընկերներից Արամ Թորգոմյանը /Արամո/ իր ելույթում նշեց. «Ես չեմ ուզում Ռեմիկ Մարդանյանի մասին անցյալ ժամանակով խոսել, ինքը հիմա կա, ինքը մեզ հետ է, որովհետև իր նմանները մեզ պատգամ թողեցին՝ երկիրը հանկարծ ուրիշին չթողնեք, տղերք. մենք չենք լինի, բայց դուք կաք: Մենք կերտեցինք այս հաղթանակը: Մենք այլևս պարտություն չունենք: Փաստացի վկան է այսօրվա սերունդը, որը շախմատային մտածելակերպով տանում է Հայաստան աշխարհը դեպի ավելի լավ ապագան»: Անդրադառնալով համագյուղացի գնդապետի մասին հուշերին՝ Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը նշեց. «Մեր երկրի համար շրջադարձային փուլում մեր համագյուղացին, մեր բարեկամը, մեր ընկերը եղավ մեր պետականության ստեղծման հիմքում կանգնած լուրջ դերակատարում ունեցող անձանցից մեկը: Ես շատ հպարտ եմ, որ Ռեմ Մարդանյանը իմ համագյուղացին է, և օրհնված են Մարդանյանի ծնողները՝ այսպիսի զավակ ունենալու համար: Մենք մեր հերթին պետք է փորձենք տարեց տարի ավելի մեծացնենք հիշատակի միջոցառման մասնակիցների աշխարհագրությունը»: Ռեմ Մարդանյանի կինը՝ Թամարա Փարեմուզյանը միշտ հուզմունքով է խոսում ամուսնու մասին: Պատերազմից հետո նրանց համատեղ կյանքում Ռեմ Մարդանյանը միշտ ընդիմանում էր կնոջ հորդորին՝ մնալ ընտանիքի կողքին, փոխարենը նշում էր, որ իր տեղը սահմանն է՝ զինվորի կողքին: Օրվա վերջում ամփոփվեցին արագ շախմատի մրցաշարի արդյունքները: Հանձնվեցին հատուկ և խրախուսական մրցանակներ շախմատի մասնակիցներին, ինչպես նաև մրցանակներ շնորհվեցին առաջինից յոթերորդ տեղեր զբաղեցրած շախմատիստներին: Ռեմ Մարդայանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 16-ին Իջևանի Գանձաքար գյուղում: Պետական համալսարան ընդունվելու անհաջող փորձից հետո զորակոչվել է բանակ: Մեկ տարի ծառայելուց հետո ընդունվել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական ուսումնարան, այնուհետև սովորել է Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիայում: Նա իր կյանքն ամբողջությամբ նվիրել է զինվորական գործին: 1992 թվականի մայիսին տեղափոխվել է Հայաստան՝ ծառայելու հայկական նորաստեղծ բանակում: Նույն թվականի հունիսին կամավոր մեկնել է Լաչինի մարդասիրական միջանցքը պաշտպանելու: Ռեմ Մարդանյանը ռազմական ծառայությունների համար արտահերթ ստացել է գնդապետի զինվորական կոչում, իսկ աշնանը նշանակվել մոտոհրաձգային գնդի հրամանատար: Մասնակցել է Մարտակերտի ու Քարվաճառի ազատագրմանն ու պաշտպանությանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հորադիսի և Ֆիզուլիի պաշտպանական մարտերին: 2000 թվականի հոկտեմբերի 11-ին Ռեմ Մարդանյանը ողբերգական ավտովթարի զոհ դարձավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր