00:00:00

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

17:29, 27 փետրվար 2020

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը: «Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․ Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․ Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա: SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Կարապետյանը հիվանդ էր, չնայած հույս կար, որ կապաքինվի: Վերջինս քաղցկեղ ուներ, բայց նաև առողջական մի շարք այլ խնդիրներ էին ի հայտ եկել: Կարապետյանին հիվանդանոց են տեղափոխել գիշերը, այսօր կեսօրին նա մահացել է: Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

Կենսագրությունը

Ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ:

Մրցանակներ

2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար, 2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան, 2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր