ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:
Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի եւ Մոլդովայի հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են փոխադարձ ըմբռնման եւ հարգանքի հիման վրա, եւ այդ հարաբերություններում կարեւոր նշանակություն ունի խորհրդարանների դերը, Հայաստանի եւ Մոլդովայի պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են նաեւ միջազգային տարբեր հարթակներում:
Հայաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները կիսվել են երկու երկրներում ընթացող բարեփոխումների ընթացքով:
Զինաիդա Գրեչանին պատմել է Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին, մանրամասներ հայտնել Մոլդովայում ընթացող դատաիրավական բարեփոխումների եւ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպես են Մոլդովայի ՍԴ նախկին անդամները, որոնք աշխատել են իշխանությունն ուզուրպացրած մեկ անձի ճնշումների ներքո, համարձակություն ունեցել չեղյալ համարել նախկինում իրենց կայացրած ապօրինի որոշումներն ու հրաժարական տվել, եւ այժմ նոր ձեւավորված Սահմանադրական դատարանն աշխատում է ի շահ երկրի՝ պաշտպանելով Սահմանադրությունը:
Զինաիդա Գրեչանին նշել է, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի՝ ողջ կազմով հրաժարականից հետո Մոլդովայում ընթանում են դատաիրավական լուրջ բարեփոխումներ:
Մոլդովայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ շատ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ճանապարհաշինարարական աշխատանքներով: «Մենք սպասում ենք ձեր վարչապետի այցին՝ Մոլդովա, այն փորձը, որ դուք ունեք հեղափոխությունից հետո, մեզ համար շատ կարեւոր է: Մեզ նաեւ հետաքրքրում է ներդրումներ բերելու ձեր փորձը»,- ասել է Զինաիդա Գրեչանին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ Մոլդովայի հետ բարեկամական խմբին հրավիրել է իր երկիր՝ ավելի մանրամասն քննարկելու համագործակցության հարցերը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում եւ Մոլդովայում իրադարձությունների զարգացումը թեպետ տարբեր է, բայց նաեւ շատ ընդհանրություններ կան: ԱԺ նախագահը հայտնել է, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, քանի որ Հայաստանի ՍԴ անդամները, ի տարբերություն Մոլդովայի, ինքնակամ հրաժարական չտվեցին, թեպետ նրանց հնարավորություն տրվեց օգտվելու վաղաժամ կենսաթոշակի գնալու իրավունքից: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ նրանց այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ամրապնդմանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Մոլդովայի հետ սերտ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրները երկկողմ եւ բազմակողմ համագործակցության մեծ ներուժ ունեն, Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ստորագրված է տարբեր ոլորտներում համագործակցության 22 փաստաթուղթ, իսկ վերջին տարիներին քաղաքական շփումների ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ այդ թվում միջազգային հարթակներում, մասնավորապես ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ, միջխորհրդարանական միության եւ այլ կառույցներում: