00:00:00

Մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է. ՀՀ վարչապետ

15:09, 22 փետրվար 2020

Մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում մասնավորապես նշել է. «Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի: Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա: Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր