00:00:00

«Լսել եմ, որ մեկն ասում էր՝ տոկը խփում ա, մի արեք». Մասիսի քաղաքապետի գործով դատական նիստին հարցաքննվում են տուժողներ

13:07, 06 փետրվար 2020 Իրավական

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ եւս 7 քաղաքացու վերաբերյալ գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 6-ին, հարցաքննվեց գործով տուժող Հերիքնազ Գրիգորյանը։ Նշենք, որ նախորդ դատական նիստին տուժող կողմին բերման ենթարկելու որոշում էր կայացվել։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։ Գործով տուժողն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում։ Դեպքի օրը, ըստ տուժողի, անձինք, որոնք հարձակվել են ցուցարարների վրա, եղել են դիմակավորված. «Ինձ այդ պահին ասացին՝ փախեք, հարձակվում են, քարերով խփում են։ Ես քարերի հարվածներ եմ զգացել։ Բոլորը խուճապի մեջ էին, փախչում էին»։ Մեղադրող դատախազի հարցին՝ արդյոք բացի ցուցարարներից ԶԼՄ ներկայացուցիչներ եղե՞լ են, տուժողն ասաց, որ չի հիշում։ Գործով տուժողն ասաց, որ դեպքից 1 շաբաթ անց անցել է բժշկական փորձաքննություն, ստացել է քարերից հարվածներ ճակատային հատվածում։ «Լսել եմ, որ մեկն ասում էր՝ տոկը խփում ա, մի արեք եւ այլն։ Ես դա լսում էի, բայց չեմ տեսել»,- պատմեց նա։ Ամբաստանյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հարցին՝ ո՞ր ուղղությամբ էին քարերը գալիս, տուժողը պատասխանեց, որ այդ պահին չի տեսել, սակայն երբ տեսել է դեպի վերաբերյալ տեսանյութերը, հասկացել է, որ դիմակավորված անձինք դիմացի մայթից են քարերով հարվածել։ «Այդ անձինք մտան ցուցարարների մեջ եւ էլի սկսեցին խփել»,- ասաց գործով տուժողը։ Պաշտպանի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ քարերով ցուցարարները հարվածեին, տուժողն ասաց. «Ցուցարարների ձեռքին քար չկար, դա հնարավոր չէր։ Դիմակավորված անձինք այդ ժամանակ խառնվեցին ցուցարարներին»։ Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, նշելով, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքների եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջեւ որոշակի տարբերություն է առկա։ Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հրապարակվեց նախաքննության ժամանակ տված ցուցմունքից մի հատված. «Մտանք շենքերի բակեր։ Նկատեցի մի լրագրողի, որին նույնպես հարվածում էին։ Էլեկտրաշոկի ձայնը լսեցի… մակահներ կային»։ Գործով տուժողն ասաց, որ հնարավոր է՝ էմոցիոնալ վիճակում է եղել, այդ պատճառով է նման ցուցմունք տվել. «Մահակները չեմ հիշում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր