Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դատարանի որոշումը կբողոքարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ին հայտնեց Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։
Նշենք, որ երեկ առաջին ատյանի դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը։
«Բողոքարկելու ենք կալանավորումը։ Ասեմ, որ առաջադրված մեղադրանքի հետ Դավիթ Մովսիսյանը որեւէ կապ չունի, աբսուրդի ժանրից է, կտրված իրավական հիմնավորումից, մեղադրանքի էությունը որ կարդաք ու համադրեք փաստերի հետ, կտեսնեք, որ միայն կամայանական է։ Կան շատ խախտումներ»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանն ասել էր, որ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ճանաչում։