Թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից մեծ ակնկալիքն այն էր, որ ձևավորվող լեգիտիմ իշխանությունը կբարձրացնի պետության վարկը, կիրականացնի ժողովրդավարական բարեփոխումներ, կդառնա ազատ աշխարհի վստահելի գործընկերը, կներգրավի ներդրումներ և Հայաստանի առաջընթացի իրական դռներ կբացի։
Այդ հույսերը, սակայն, մաշվում են։ ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով մոնիթորինգի համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմո Կիլջունենը հունվարի 31-ին տարածած հայտարարության մեջ ընդգծում են, որ ժողովրդավարական համակարգում իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն օրենքի գերակայությամբ, հարգեն այն իրենց խոսքում և գործողություններում՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե նրանք ձախողում են համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա քայքայում և վնասում են միմյանց: Այսօրինակ դիտողությունների արժանանում էին ընտրակաշառքով և ընտրակեղծիքով մանդատներ ստացած, լեգիտիմության դեֆիցիտով տառապով նախկինները։ Միայն այս վերացական համեմատությունը հանրային շոկ է առաջացնում։ Եվ, թերևս, սա է պատճառը, որ կառավարողն ու ընդդիմությունը ԵԽԽՎ համազեկուցողների խոսքն ընկալում են հատվածային և իրարամերժ մեկնաբանությունների շրջանակում։ Համազեկուցողների խոսքն իրարամերժ ընկալվեց, քանի որ հասարակությանը չեն միավորում ժողովրդավարական արժեքները։
Իսկ եվրոպացիների անհանգստության թյուրընկալման պատճառն իներցիոն թյուրիմացությունն է, թե ճշմարտությունը քանակի և կերակուրի մեջ է, և ձայն բազմացն է որոշում՝ ում ուտենք, ում կարգենք դատավոր։ Նույնիսկ հաստատուն արժեքը՝անմեղության կանխավարկածն ենք փորձում որոշել նյութով ու մեծամասնությամբ։ Այնինչ՝ աշխարհն առաջնորդվում է արժեքներով, և արժեքները քանակական և նյութական հատկանիշներ չունեն։ Իսկ մենք բանը թողած, ընկել ենք նյութի և քանակի հետևից, դարձել պոպոլիզմի գերին, ինչն էլ անհանգստացնում է, թե Հայաստանում կստվերվի ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը։
Ուստի՝ եթե, իրոք, ուզում ենք քաղաքակիրթ աշխարհին հարազատ մնալ և իրացնել առաջընթացի բացառիկ շանսը, պետք է հրաժարվենք բռի հեղափոխականությունից, պոպոլիզմից և որդեգրենք քաղաքականության վարման արժեքահեն սկզբունքներ։
Թաթուլ Մկրտչյան