00:00:00

«Սկզբից ասաց այո, հետո փախավ». Էրդողանը` Հաֆթարի մասին

19:45, 14 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանում Լիբիայի ազգային բանակի և Ազգային համաձայնության կառավարության տապալված բանակցություններին, ինչի հետևանքով ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան` առանց հրադադարի համաձայնագիր կնքելու Ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: «Մենք Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում արկածներ չենք փնտրում: Մենք կայսերական նկրտումներ չունենք, և մեր աչքերը չեն կուրանում նավթի և փողի ագահությունից: Սակայն մենք չենք կարող անտարբեր լինել Լիբիայում ապրողների նկատմամբ»,- նշել է թուրք առաջնորդը: Էրդողանը վերհիշել է, որ Լիբիան ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կարևոր մաս, և Թուրքիան խորը պատմական և սոցիալական կապեր ունի Լիբիայի հետ: «Այդ երկրում մենք եղբայրներ ունենք: Հաֆթարը ցանկանում է նրանց էլ վերացնել: Մեր պարտքն է պաշտպանել նրանց: Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունը Լիբիայի մեր բոլոր եղբայրների առաջ: Երեկ Մոսկվայում Տրիպոլիի կառավարությունը կառուցողական մոտեցում ցուցաբերեց: Սակայն Հաֆթարը հրաժարվեց ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը: Նա ասաց` այո, հետո գնաց Մոսկվայից, փախավ»,- նշել է Թուրքիայի նախագահը: Ըստ Էրդողանի` Հաֆթարն իր քայլով «ցույց տվեց իր իրական դեմքը», և իրենք զարմացած չեն տեղի ունեցածից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք , հունվարի 13-ին լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ: Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր