00:00:00

Մահացել է Օմանի սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդը

14:20, 11 հունվար 2020 Աշխարհ

Օմանի սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է 79 տարեկանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Օմանի պետական տեղեկատվական գործակալությանը։ «Թագավորական պալատը սգում է կառավարչի մահը, որին իր մոտ է կանչել Բարձրյալը ուրբաթ՝ 2020 թվականի հունվարի 10-ի ուշ երեկոյան»,- ասվում է գործակալության թվիթերյան հաղորդագրությունում։ Սուլթան Կաբուսի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել, 40 օրով խոնարհվել են պետական դրոշները։ 2015 թվականից Օմանի կառավարիչը հիվանդ էր քաղցկեղով, եւ վերջին ժամանակներս լրատվամիջոցներում հաճախ հայտնվում էր տեղեկություն նրա առողջական վիճակի վատացման մասին։ Դեկտեմբերի վերջին սուլթանի աշխատակազմը տեղեկացրել էր, որ պետության ղեկավարը շարունակում է բուժումը բելգիական կլինիկայից հայրենիք վերադառնալուց հետո։ Կաբուսը իշխանության է եկել 1970 թվականին, երբ բրիտանացի խորհրդականների օգնությամբ անարյուն հեղաշրջում իրականացրեց, որի հետեւանքով նրա հայրը հրաժարվեց գահից։ 1976-ին Կաբուսն ամուսնացավ զարմուհու՝ Սաիդա Նավալ բինտ Թարիքի հետ, որից բաժանվեց երեք տարի հետո, այլեւս չի ամուսնացել, երեխաներ չունի։ Ի տարբերություն արաբական այլ միապետությունների ղեկավարների՝ հրապարակավ չի նշել ժառանգորդին, ուստի մինչ այժմ հայտնի չէ, թե ով կարող է լինել հաջորդ սուլթանը։ Սահմանադրության համաձայն՝ կառավարող ընտանիքը «գահի ազատ մնալուց հետո» պետք է երեք օրվա ընթացքում ընտրի հաջորդին։ Եթե այդ ընթացքում կառավարող ընտանիքը չկարողանա պայմանավորվել, ապա խորհրդի ներկայությամբ, որի կազմի մեջ են մտնում բարձրաստիճան ուժայիններ, Գերագույն դատարանի եւ Օմանի Խորհրդի (խորհրդարանի տիպի երկպալատ խորհրդակցական մարմին) ղեկավարները, կբացվի կնքված ծրարը նամակով, որում Կաբուսը պետք է նշած լինի ապագա կառավարչի անունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր