00:00:00

Թրյուդոն եւ Թրամփը քննարկել են իրավիճակն Իրաքում եւ ավիավթարն Իրանում

17:05, 09 հունվար 2020 Աշխարհ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են իրավիճակն Իրաքում եւ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ի կործանումը Թեհրանի մոտ, ասվում է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Հայտարարությունում ասվում է, որ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրաքի իրավիճակի եւ Իրանի դեմ հետագա քայլերի մասին։ Կանադայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են նաեւ Իրանում ավիավթարի պատճառները պարզելու հետաքննության անցկացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, տեղեկացվում է, որ Թրյուդոն եւ Թրամփը պայմանավորվել են  կապ պահպանել եւ շարունակել աշխատել միջազգային ընկերակցության այլ անդամների հետ միասին՝ ապահովելու համար անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արեւելքում։ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Կիեւ թռչող Boeing 737-800-ը կործանվել էր Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, չորեքշաբթի վաղ առավոտյան։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 176 մարդ՝ 167 ուղեւոր Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից, եւ անձնակազմի ինը անդամ։ Չորեքշաբթի գիշեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հատուցման գործողության մասին։ Երկիր-Երկիր դասի հրթիռներ են արձակվել Իրանի կողմից Իրաքի արեւմուտքում գտնվող Այն ալ Ասադ եւ Էրբիլի ռազմակայանների դեմ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմ։ ԱՄՆ-ը գլխավորում է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան։ Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ ոչ մի քաղաքացի հարվածի հետեւանքով չի տուժել, հասցվել է միայն նյութական վնաս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր